Գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, սկսվեց համալսարանի մի շարք ուսանողների մարզական նվաճումների համար շնորհակալագրեր հանձնելու արարողությամբ: Այնուհետեւ ռեկտորը եւս մեկ հաճելի պարտականություն կատարեց՝ ծննդյան 70-ամյակի եւ նվիրված աշխատանքի համար շնորհակալագիր ու նվերներ հանձնելով քիմիական գիտ. դոկտոր, պրոֆ. Օլեգ Քամալյանին:
2021 թ. ընթացքում համալսարանում իրականացված բոլոր նախագծերն ու ծրագրերը, ունեցած բոլոր ձեռքբերումները, ակնհայտորեն, հնարավոր չէր ներկայացնել մեկ նիստում: Տարվա ամփոփ հաշվետվության մեջ ռեկտոր Ուռուտյանն ընդգրկել էր դրանցից կարեւորագույնները, որոնց մասին, ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ բարձրաձայնել է Որակի ապահովման ազգային կենտրոնի մշտադիտարկման խումբը:
ՀԱԱՀ-ը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց է ունեցել գործունեության բոլոր հիմնական ուղղություններում՝ կրթական ծրագրերի կառուցվածքային ու բովանդակային բարեփոխումներ, ներառյալ STEM ուղղությունների ենթակառույցների ստեղծում (ընդհանուր առմամբ, վերջին երեք տարիներին համալսարանում ստեղծվել է 35 նոր ենթակառույց), արտադրության ոլորտի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծում ու զարգացում, դուալ կրթության ներդրուման, գիտական գործունեություն:
Ագրոբիզնեսի ոլորտի բազմաթիվ ընկերությունների հետ կնքված հուշագրերի ու պայմանագրերի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել փորձուսուցումների արդյունավետության, վերապատրաստումների, աշխատանքային կիսամյակի ներդրման առումով: Քոլեջի օրինակով, որն աշխատում է գինեգործական 7 ընկերությունների հետ, որոնց արտադրական տարածքներում ուսանողներն անցկացնելու են ուսումնական գործընթացի 70 տոկոսը՝ համալսարանի համակարգում հաստատուն քայլերով ներդրվում է դուալ կրթությունը: Վերապատրաստվել են աննախադեպ թվով դասախոսներ՝ 446: Նախորդ տարվա համեմատությամբ 9 անգամ ավելի գումար է ստացվել գիտության թեմատիկ ֆինանսավորման շրջանակում՝ 422 մլն դրամ: Գիտական գործունեության խրախուսման համակարգի փոփոխությունների շնորհիվ պրոֆեսորադասախոսական կազմը նախորդ տարվա համեմատությամբ 89 տոկոսով ավելի լրավճար է ստացել: Ի դեպ, 2022 թ․ գիտաշխատողների աշխատավարձերը էականորեն կբարձրանան։ Արձանագրվել է հրապարակված գիտական հոդվածների 33 տոկոսի աճ: Ներդրվել են մագիստրոսական նոր, հեռանկարային կրթական ծրագրեր: ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն անցկացրել է ստարտափ գաղափարների արդեն 4 մրցույթներ՝ առավել աչքի ընկած ստարտափ թիմերի ֆինանսավորման համար ներգրավելով ընդհանուր առմամբ ավելի քան 125 հազար ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում համալսարանը, ավելի քան 1,1 մլն դոլարի իր մասնաբաժնով, առանցքային դերակատարություն կունենա գյուղոլորտում մոտ 3300 աշխատատեղ ստեղծելու առաքելության մեջ:
Հիմնվել են եւ արդեն ծանրաբեռնվածությամբ գործում են Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Հացի, հրուշակագործության եւ շոկոլադագործության լաբորատորիան, Ագրոճամբարը: Բալահովիտի ՈՒՓՏ-ում ներկրվել եւ բուծվում են Բլանշ ցեղատեսակի ոչխարներ: Ֆրուտենիա մեգանախագծի շրջանակում Ոսկեհատի տնտեսությունում հիմնվել են 1,5 հա ինտենսիվ այգիներ: Անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնում ուսանողների ուսուցման ու ֆերմերների վերապատրաստման աշխատանքներին զուգահեռ շարունակվում է արդիական կաղապարվածքներով ու նորագույն սարքավորումներով հագեցումը:
Թվարկումը կարելի է շարունակել, ընդ որում, ինչպես արձանագրեց ռեկտոր Ուռուտյանը, շատ կարեւոր է, որ ենթակառույցներ են ստեղծվում ոչ միայն մայր բուհում, այլեւ Վանաձորի, Շիրակի, Սիսիանի մասնաճյուղերում: Լավագույն օրինակները կաթնամթերքի վերամշակման լաբորատորիաների, գիտելիքի նորարարական հանգույցների հիմնումն է մարզերում: Իսկ ԱՄՆ ՄԶԳ վերոնշյալ ծրագրի շրջանակում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում կունենանք փորձացուցադրական լաբորատորիա եւ եւս յոթը՝ մարզերում, որով, ինչպես նշեց ռեկտորը, ըստ էության կբավարարենք ենթակառույցների մեր կարիքները: Սիսիանի մասնաճյուղում կհիմնվի Խելացի գյուղատնտեսության կենտրոն, որը խիստ կարեւոր առաքելություն կունենա ամբողջ Սյունիքի մարզի համար…
Ռեկտորի զեկուցումը ցույց տվեց, որ ոչ պակաս հագեցած է լինելու 2022 թվականը, ընդ որում նորարարական նոր ենթակառույցների բացման «հիթ շքերթը» կմեկնարկի հենց տարվա սկզբին: Ամենայն հավանականությամբ կսկսենք Միկրոգարեջրագործության լաբորատորիայից, որը, ինչպես նկատեց ռեկտոր Ուռուտյանը, բուհ-մասնավոր հատված համագործակցության բնորոշ դրական օրինակ է:
«Առհասարակ, երբ ճիշտ ու լավ գործ ես անում ուսանողի, բուհի եւ երկրի համար՝ գործընկերներ միշտ գտնվում են»,- ասաց պարոն Ուռուտյանը:
Գիտխորհրդի նիստի օրակարգում էին նաեւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպմանը եւ ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումների աշխատանքների հաշվետվությունների հարցերը, որոնց վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի դեկանը եւ ՀԱԱՀ գիտական կենտրոնների ղեկավարները: Ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Նիստի ավարտին ռեկտոր Ուռուտյանը Գիտխորհրդի անդամներին շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, ստեղծագործ աշխատանքի տարի՝ նոր նվաճումների հասնելու վճռականությամբ: