Օրգանական գյուղատնտեսության զարգացման Էստոնիայի եւ Ավստրիայի փորձը ներկայացվեց ոլորտի շահակիցներին

Հոկտեմբերի 3-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում կայացավ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում․ նորարարական կրթություն եւ գործական փորձ Էստոնիայից եւ Ավստրիայից» թեմայով դասընթաց, որի ընթացքում այդ երկրներից ժամանած փորձագետները ոլորտի մի շարք շահակիցներին, ներառյալ ՀԱԱՀ ուսանողներին եւ դասախոսներին, հաղորդակից դարձրեցին օրգանական գյուղատնտեսության ոլորտի կրթության եւ գործելակերպերի ժամանակակից մոտեցումներին։

Վերապատրաստման այս սպասված ծրագիրը իրականություն դարձավ «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ընկերակցություն ՀԿ-ի, Ագրարային համալսարանի եւ Անդրսահմանային համագործակցության Պեիպսիի կենտրոնի (Էստոնիա) համատեղ ջանքերով՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի աջակցությամբ։

ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Պիեպսի կենտրոնի տնօրեն Մարգիտ Սարեն եւ «Օրգանական Հայաստան» ՀԿ-ի նախագահ Լուսինե Նալբանդյանը հանդես եկան ողջույնի խոսքով։ Տիկին Մովսիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց գործընկեր համալսարաններին եւ կազմակերպություններին՝ BOAA եւ դրան հաջորդող SOAA նախագծերի շրջանակում արդյունավետ գործակցության համար («Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանում. օրգանական շահակիցների գիտելիքների եւ հմտությունների բարելավում» (BOAA) նախագծի շնորհիվ ՀԱԱՀ-ում ներդրվել է Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրը, իսկ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» (SOAA) նախագիծը շարունակում է զարգացնել օրգանական կրթությունը եւ պատրաստում ոլորտի արդիական կառավարման ղեկը վերցնելու ունակ մասնագետների նոր սերունդ)։

ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանի զեկուցումը վերաբերում էր հենց «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի միջոցով օրգանական գյուղատնտեսության հզորացմանը Հայաստանում։ Էստոնիայի կիրառական գիտությունների համալսարանի Օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնից Էլեն Պեետսմանի զեկուցման թեման էր՝ «Հետազոտություն եւ գիտելիքների փոխանցում Էստոնիայի օրգանական տնտեսությունում․ միկրոորակավորումներ»։ Բոկուի համալսարանի դոցենտ Ռեյնհարդ Նոյգշվանդթները ներկայացրեց «Հատիկաընդեղենի արտադրության ավելացումը Կենտրոնական Եւրոպայում», իսկ Օրգանական երկրագործության էստոնական հարթակի ներկայացուցիչ Աիրի Վետեմաան՝ «Օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացումը Էստոնիայում․ լավագույն փորձ եւ ընթացիկ մարտահրավերներ» թեմաները։

Մասնակիցները ակտիվորեն օգտվեցին օրգանական գյուղատնտեսության զարգացման առկա միջազգային փորձին ծանթանալու եւ ձեռք բերած նոր տեղեկություններն ու գիտելիքը, նաեւ մարտահրավերներից քաղած դասերը ոլորտի հայաստանյան զարգացումներում օգտագործելու գերազանց հնարավորությունից։

Գործընկերները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ ՀԱԱՀ-ի մի քանի լաբորատորիաներին եւ տեխնոլոգիական կենտրոններին՝ պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ուղեկցությամբ։