Քոլեջի ուսանողները հասու դարձան սննդի անվտանգության եւ հիգիենիկ նախագծման խելացի լուծումներին

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի նախաձեռնության շնորհիվ Ա․ Քոչինյանի անվան քոլեջի Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտության 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 29-ին լավագույն առիթ ունեցան մասնակցելու սննդամթերքի եւ պարենային անվտանգությանը նվիրված դասընթաց-սեմինարին՝ բարձրակարգ մասնագետների մատուցմամբ։ Հիմնական շեշտադրումն արվեց բնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովելու գործում հիգիենիկ նախագծման դերի վրա։

Դասընթացը վարում էին Սննդի գիտության եւ տեխնոլոգիաների հայկական միավորման, Եվրոպական հիգիենիկ նախագծման եւ ճարտարագիտության խմբի (EHEDG) Հայաստանի տարածաշրջանային բաժնի եւ Սննդի արդյունաբերության խելացի լուծումներ (iFPS) կազմակերպության ներկայացուցիչները:

EHEDG-Հայաստան բաժնի ղեկավար Կարինե Գրիգորյանի զեկույցում ներկայացված էին EHEDG գլոբալ կազմակերպության հիմնական նպատակն ու խնդիրները, կազմակերպության կառուցվածքը, EHEDG աշխատանքային խմբերի ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վերապատրաստման եւ կրթության աշխատանքային խմբին։

iFPS կազմակերպության ղեկավար Գրիգորի Բադալյանն իր զեկույցում ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը սննդի անվտանգության եւ հիգիենիկ նախագծման համար։

Սեմինարի ավարտին ընդգծվեց, որ EHEDG-ի ուղեցույցների ներդրումը, պատշաճ հիգիենիկ գործելակերպը եւ հիգիենիկ նախագծման չափանիշներին համապատասխանող սարքավորումները կապահովեն HACCP համակարգի ճիշտ ներդրումը սննդի ձեռնարկություններում, որը կնվազեցնի սննդամթերքով փոխանցվող հիվանդությունների ռիսկը: