Հունիսի 17-ին Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթացի մասնակիցներն ուղեւորվեցին Վաղարշապատ՝ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, որտեղ նրանց դիմավորեց Գայանե Մելյանը։
Խմբի անդամները ծանոթացան in vitro եղանակով տարբեր մշակաբույսերի (պտղատու, հատապտղատու, դեկորատիվ, ծաղկաբույսեր եւ այլն) մշակության տեխնոլոգիային։ Մասնավորապես տիկին Մելյանը ցույց տվեց հյուսվածքային կուլտուրան վերցնելու կարգը, սննդարար միջավայրի պատրաստումը, սննդարար միջավայրի բաղադրիչները եւ դրանց փոփոխման անհրաժեշտությունը՝ պայմանավորված միկրոբույսի տեսակով եւ աճեցողության փուլով:
Բացատրվեցին նաեւ in vitro եղանակով բույսերի բազմացման փուլերը եւ նշվեց, որ վերջնական փուլը միկրոբույսերի կոփումն է ջերմատանը՝ ստերիլացված սուբստրատի օգտագործման պայմանով, որից հետո բույսերը տեղափոխվում են դաշտ:
Կենսատեխնոլոգիական լաբորատորիայում առկա էր նաեւ աէրոպոնիկ համակարգ, որն օգտագործվում է in vitro եղանակով ստացված տարբեր բուսատեսակների աէրոպոնիկ մշակության համար:
Հերթական գործնական դասը, ինչպես վկայում են մասնակիցները, նպատակային էր եւ ի´ր հերթին նպաստեց ապագա հավաստագրողների եւ փորձորոշողների մասնագիտական վարպետացմանը։