Տոն եւ մասնագիտական կողմնորոշում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների համար

Նոյեմբերի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի մի խումբ աշակերտներ ճանաչողական այցով Ագրարային համալսարանում էին։ Նախաձեռնությունը Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մերի Վարդանյանինն էր, որի դուստրը հենց այդ դասարանում է սովորում։

Տիկին Վարդանյանը երեխաներին դիմավորեց Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում եւ սեբաստացիներին ծանոթացրեց գարեջուր, գինի եւ մրգային օղիներ պատրաստող սարքավորումներին։ Երեխաները այս ոլորտների հանդեպ մեծ հետաքրքրություն եւ զարմանալի բանիմացություն ցուցաբերեցին։

Այնուհետեւ եղան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում եւ անմիջապես գործի անցան՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտ Մարիա Մանուկյանի օգնությամբ պատրաստելով եւ համտեսելով տարբեր տեսակի թխվածքաբլիթներ եւ մանրակրկտորեն տեղեկանալով այս գործի «թաքնված» նրբություններին։ Մարիան մագիստրատուրան ավարտելուց հետո հեռու չի գնացել, մեծ հաճույքով ու նվիրվածությամբ շարունակում է համագործակցել ամբիոնի եւ հրուշակեղենի լաբորատորիայի հետ։

Երկու լաբորատորիաների մեր պատասխանատուները շատ ուրախ են, որ կարողացան տոն պարգեւել եւ լիուլի բավարարել մի եզակի կրթահամալիրի սաների հետաքրքրությունը, որ ունի սեփական ագարակային տնտեսություն, խաղողի եւ գինու դպրոց, ուսումնական խոհանոց-լաբորատորիա, ճամբարներ, արդեն շուկայամուտը նշած սեփական գինի․․․