Գիրք նվիրելու օրը յուրօրինակ ու առինքնող էր ՀԱԱՀ գիտական գրադարանի գլխավոր ընթերցասրահում: Անշփոթելի: Հաստատապես այլեւս չմոռացվող:
Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Մերի Նաջարյանը նախաձեռնել էր հանդիպում գրքի երիտասարդ հեղինակաների՝ Նարե Հարությունյանի («Աշնան վերջին անվանականչը», հեղինակային հրատարակություն, «Զանգակ» հրատարակչություն, 102 էջ) եւ Մելսիդա Ավետիսյանի («Հրեշտակապետը. հավատա, կգամ», հեղինակային հրատարակություն, 130 էջ) հետ: Երկու գրքի ստեղծման հարցում հեղինակներին աջակցող-քաջալերողներից է եղել տիկին Նաջարյանը:
Երկու պարմանուհի՝ Սյունիքի եւ Սպիտակի արմատներով, որ ժամանակից շուտ մեծացան: 2020-ի համազգային ցավը անձնական դարձավ ու ամենօրյա փնտրտուք-որոնում էր այլեւս՝ ինչպե՞ս-որտե՞ղ անթեղել մորմոքը-ցավը․ վերքը, որ սպի չի դառնում: Եւ չի դառնալու։ Եւ կարոտը, որ ահագնանում է ու չի պարպվում․․․
Անափ սեր ու պատերազմ… այդքան անհամատեղելի եւ այլեւս անքակտելի իրարից: Եւ այլեւս անքակտելի է նաեւ սպասումը։
Եիտասարդ հեղինակների ազդեցիկ բառն ու անխառն հույզերը համակել էին բոլորին, ներառյալ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանին եւ գրադարանի տնօրեն Լիլիթ Վարդանյանը, որոնց՝ հեղինակներին, ինչպես նաեւ տիկին Նաջարյանին եւ գրադարանի հանրույթին ուղղված շնորհակալական խոսքը նույնպես հուզախառն էր։


























