Վերապատրաստումներ․ բարձրագույն կրթության բարձրագույն նպատակը՝ որակ

Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց վերապատրաստում-քննարկումների շարքը, որը նախաձեռնել է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը: Այս կարգի եւ ձեւաչափի հանդիպումները բնականաբար մշտական ու շարունակական են, քանզի ստորաբաժանման գործունեությունը միտված է մի թիրախի, որն անսահման է, հարատեւորեն լավարկվող եւ ՈԳԱԿ տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանի հակիրճ խոսքն հենց այդ մասին էր:

Քննակումների առաջին թեման նվիրված է կրթության որակի ապահովման մեխանիզմներին: Այն վարում է հիշյալ կենտրոնի կրթության բարեփոխումների բաժնի վարիչ Արմինե Զաքարյանը: Ի՞նչ է կրթության որակը: Արդյունքները չափելի՞ են, մեկ առարկայի, մեկ դասախոսի ջանքերը բավարա՞ր են ցանկալի նիշին հասնելու համար, թե՞ ուժերի միավորված համակարգ է պետք, անխափան ու փոխլրացմամբ գործող համակարգ: Այս արդյունքի գլխավոր շահառուն երկրի տնտեսությունն է՝ գործատուն, ծնողները, ուսանողը, եւ նրանք բոլորն էլ պետք է համոզված լինեն, որ իրենց կարծիքը՝ լսելի, իսկ մասնագիտական որակի հետ կապված կարիքները լուծելի են:

Ի վերջո, կրթության գործընթացը թերեւս բանաձեւվում է՝ պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրն անդադար լավարկման բնույթ ունի:

Մասնակիցները բոլոր հարցերը հետաքրքրությամբ քննարկեցին ներս ու դրսի լավագույն փորձը՝ զարգացման միտումների համապատկերում դիտարկելով: Հետաքրքիր էր, կարեւոր:

Քանի որ այս թեմայով վերապատրաստման ցանկություն հայտնածների փաղանգը շատ մեծ էր, ուստի եւս երկու խումբ կաշխատի՝ այսօր (սեպտեմբերի 17-ին) եւ վաղը: