Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ՝ վերապատրաստման նպատակով։
Բուն ծրագրից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատու Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետեւ այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող Պոլիմերների քիմիայի եւ տեխնոլոգիայի լաբորատորիա, որի ղեկավարն է պրոֆեսոր Դիմիտրիոս Բիկիարիսը: Քիմիայի ֆակուլտետի լսարաններից մեկում շնորհանդեսի ձեւաչափով ներկայացրեցի Հայաստանը եւ Ագրարային համալսարանը․ ընդգծեցի հայ-հունական համագործակցության կարեւորությունը տնտեսական, գիտական եւ ռազմական բնագավառներում:
Շնորհանդեսից հետո ինձ ուղղված հարցերը տարբեր բնույթի էին՝ քաղաքական, գիտական, սոցիալական: Այնուհետեւ պրոֆեսոր Բիկիարիսը ծանոթացրեց լաբորատորիայի աշխատակազմի հետ, ինչպես նաեւ կատարվող աշխատանքներին:
Իմ ուշադրությունը գրավեցին լաբորատորիայի ժամանակակից սարքավորումները, որոնք խիստ անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար։ Ուշադրության էր արժանի նաեւ այն, որ յուրաքանչյուրը կատարում էր անհատական աշխատանք: Լաբորատորիայում գիտությամբ էին զբաղվում ոչ միայն տեղացիները, այլ նաեւ տարբեր երկրներից եկած գիտնականները եւ ասպիրանտները:
Այցելեցի նաեւ ֆակուլտետի այլ լաբորատորիաներ` սննդի քիմիայի, անալիտիկ քիմիայի եւ էկոլոգիական քիմիայի: Առանձնապես տպավորիչ էր ուսումնական լաբորատորիան` հագեցած համապատասխան սարքավորումներով եւ նյութատեխնիկական բազայով:
Տպավորիչ էր նաեւ համալսարանի գրադարան-ընթերցասրահը, որը լեցուն էր ուսանողներով: Վերապատրաստման շաբաթը լի էր փորձերով, մասնագիտական քննարկումներով եւ, անշուշտ, ծանոթություններով:
Էրազմուսյան միջազգային շարժունությունը հիանալի շահադրդող ազդակ է գիտելիքի, փորձի փոխանակման, ինչպես նաեւ տարբեր մշակույթ ունեցող մարդկանց հետ ծանոթանալու համար։ Ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս բացահայտելու տվյալ երկիրը, հասարակությունը եւ նրա պատմամշակութային արժեքները:
Ռոզա Շաինովա
Ընդհանուր քիմիայի ամբիոնի ասիստենտ