Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պոլիտեխնիկական համալսարանում ներկայացրեց «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի տեխնոլոգիական կլաստերը՝ Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանների կրթագիտական ստորաբաժանումների եւ ուսանողական կազմի ներկայացուցիչների համար։
Վարչապետի ներկայացումից առաջ Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորը նեկայացրեց իր համալսարանի գործունեությունը եւ «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում նախատեսվող համագործակցության ուղղությունները։ Դոկտ․ Աուկտորը, մասնավորապես, շեշտադրեց կրթության վերաիմաստավորումը՝ արտադրության կարիքներին համահունչ՝ ավելի քան 50 հազար ուսանող (41 տոկոսը՝ արտերկրից) ունեցող եւ տարեկան 70-80 ստարտափի մեկնարկ տվող Մյունխենի տեխնիկական համալսարանի համակարգում արդյունավետորեն գործող կրթագիտական, հետազոտական ու արտադրական գերազանցության տեխնոլոգիական կլաստերի միջոցով։ Ակադեմիական քաղաքի մեկնարկի ու կայացման հարցում փորձագետը կարեւոր համարեց պետության եւ մասնավոր հատվածի նպատակային գործակցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց՝ արձանագրելով, որ ակադեմիական քաղաքի (ԱՔ) գաղափարը հեղափոխական գաղափար չէ, այլ փորձ է ապահովելու մեր երկրում հաստատված գիտակրթական լավագույն ավանդույթների հետագա զարգացումը։ Վարչապետը նշեց, որ մեկ դար առաջ Երեւանի փոքր կենտրոնը նախագծվել եւ կառուցապատվել է հենց ակադեմիական քաղաքի հայեցակարգով, սակայն կենտրոնի հետագա զարգացումն ընթացել է ավելի շատ առեւտրայնացման, որոշակիորեն նաեւ տրանսպորտային հանգույցի ձեւավորման ուղղությամբ։ Այսօր, ըստ վարչապետի, այս միջավայրը հակադրվում է արդիական կրթական միջավայրին։
ԱՔ գլխավոր հատակագիծը նախագծել է GMP International GmbH Architects and Engineers ընկերությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրեց Ակադեմիական քաղաքի հինգ հիմնական կլաստերները՝ կանգ առնելով տեխնոլոգիական կլաստերի վրա։ 500 հեկտար (ընդլայնվելու հեռանկարով) տարածք զբաղեցնող Քաղաքն ունենալու է կրթություն ստանալու, կեցության, գիտությամբ ու հետազոտություններով զբաղվելու բոլոր հարմարությունները, արտադրական ժամանակակից ենթակառույցներ, բնության հետ ներդաշնակ ապրելու բոլոր հնարավորությունները։ Յուրաքանչյուր կլաստեր կունենա իր ավագ դպրոցը, որը կնպաստի դպրոցից բուհ սահուն անցմանը։
Տեխնոլոգիական կլաստերը, մասնավորապես, զուտ կրթագիտականից բացի, կունենա նաեւ ստարտափ թաղամաս, մարզական գոտի, բնական կանաչ տարածք, բնակելի հատված, ուսանողական հատված, «ֆերմերային պարկ» (“farmers park”) եւ այլ ենթակառույցներ, որոնք մեծապես կօժանդակեն գործնական գիտելիքների ու հմտությունների յուրացմանը եւ կստեղծեն սովորելու, աշխատելու, ապրելու եւ զվարճանալու լավագույն կարելիություններ։ Վարչապետը նշեց, որ ուսանողներից շատերը իրենց առաջին մասնագիտական աշխատանքը հենց ԱՔ-ում սկսելու հնարավորություն կունենան։ Երկրում 20 տոկոսով թափուր աշխատատեղերի առկայության պայմաններում լավագույն լուծումը կարող է լինել Ակադեմիական քաղաքը, որի առաջին երկու բուհերը (կլաստերները), վարչապետի խոսքով, պատրաստ կլինեն 2030 թ․:
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց առաջարկվող ռազմավարական հայեցակարգային նախագիծը բուհերի կողմից հարցադրումների, առաջարկների եւ պատկերացումների միջոցով էականորեն զարգացնելու կարեւորությունը։
Վարչապետի պնդմամբ, նախագիծը ոչ թե ընդդեմ որեւէ բանի է, այլ՝ հանուն կրթության, գիտակրթական այնպիսի միջավայրի ստեղծման, որից կախված է երկրի տնտեսության հետագա զարգացումը։
Վարչապետ Փաշինյանը եւ դոկտ․ Աուկտորը պատասխանեցին ներկաների հիմնական հարցերին։ Մասնավորապես, մարզային բուհերի ճակատագրին առնչվող հարցի կապակցությամբ վարչապետ Փաշինյանի մոտեցումը որակյալ կրթություն ստանալու եւ մարզ վերադառնալու պայմաններ ստեղծելն է։ Ագրարայինի ուսանողները առիթ ունեցան նաեւ իրենց հուզող հարցերը վարչապետին տալ հանդիպումից հետո՝ անմիջական զրույցի ժամանակ։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախորդել էր Մյունխենի տեխնիկական համալսարանի ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորի այցը Ագրարային, Պոլիտեխնիկական եւ Ճարտարապետաշինարարարկան համալսարաններ։ Ագրարայինում նա ծանոթացավ համալսարանի պատմությանը, առաջարկվող, այդ թվում՝ միջազգային եւ վերջին տարիներին հիմնված նորարարարական կրթական ծրագրերին, միջազգային համագործակցության ուղղություններին։ Եղավ համալսարանի նորարարական կենտրոններից մի քանիսում։ Դոկտ․ Աուկտորին ուղեկցում էին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող Արարատ Սահակյանը եւ հիմնադրամի ճարտարապետ փորձագետ Աստղիկ Դանիելյանը։