Վարժարանի սաները եւ համալսարանի ղեկավարները միասին են դիմավորում գարնանամուտը

Գարնան առաջին օրը Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-2 դասարանի աշակերտների կազմակերպած «Երկիր, որի գոյությունն առասպել է» խորագրով միջոցառումը: Միջոցառման խորհուրդը Հայրենիքն էր ու հայի տեսակը: Վարժարանի սաները մեծ գրողների միջոցով արտահայտեցին հայրենիքի հանդեպ սերն ու վերջին իրադարձությունների հետ կապված իրենց հույզերը:

Միջոցառման հյուրերն էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Կարեն Մինասյանը, համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ: Ինչպես միշտ, ներկաները տպավորված էին վարժարանի աշակերտների ելույթներով:

Ռեկտոր Ուռուտյանն իր խոսքում նշեց, որ նրանք այլեւս փոքր հայրենիքի հզոր տղաներ եւ աղջիկներ են, որոնք իրենց մեջ կրում են հայրենիքի ու հայի տեսակի բոլոր խորհուրդները եւ շնորհակալություն հայտնեց, որ վաժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը եւ մանկավարժական կազմը կարողանում են այս դժվարին ժամանակներում հայրենիքի եւ հայրենասիրության շիվեր աճեցնել: Նա նշեց, որ հպարտ է, որ այս պատանիներն ու աղջիկները մեր վարժարանի սաներն են:

«Պատմությունը գրում են անհատները եւ այսօր էլ գրվում է այդ պատմությունը, մասնավորապես՝ մեր հայրենիքի պատմությունը գրվում է նաեւ Ագրարային համալսարանում եւ մեր վարժարանում: Այդ պատմությունը մենք ենք գրում եւ մեր ուրույն հետագիծը թողնում համալսարանի մեծ ընտանիքի համատեղ ջանքերով՝ պարոն Ուռուտյանի հմուտ ղեկավարությամբ»,- ասում է տիկին Հակոբյանը:

Աշակերտներն անակնկալ էին պատրաստել ռեկտոր Ուռուտյանի համար՝ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ալբոմը: