Օրերս հյուրընկալել էինք Վարդենիսի Բադեյան քոլեջի մի խումբ ուսանողների եւ մանկավարժների։ Քոլեջի հետ համագործակցությունն ամրագրված է երկու տարի առաջ ստորագրված համապատասխան հուշագրով, որի դրույթներից մեկն էլ վերաբերում է գիտաարտադական փորձուսուցումների անցկացմանը։
Ձեւավորված ավանդույթի համաձայն, վարդենիսցիներին նախ ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ պատմեց համալսարանի անցած ճանապարհի, նորացվող եւ նոր կրթական ծրագրերի, համալսարանի միջազգայնացման գործընթացի, դիմորդների՝ նաեւ պետական աջակցությամբ կայունացող հոսքի, միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտների արտոնյալ ընդունելության, առաջին կուրսեցիներին հատկացվող կրթաթոշակների, արտերկրում ուսանելու լավագույն հնարավորությունների, ուսանողական կյանքի մասին։
Հետաքրքիր ու հաճելի էր գեղարքունիքցի երիտասարդների մոտեցումը այն ամենին, ինչ լսեցին տիկին Մնացականյանից մյուս մասնագետներից եւ ինչ հասցրեցին տեսնել համալսարանի մի քանի լաբորատորիաներում ու ջերմատանը։ Բադեյան քոլեջում ուսուցանվող մասնագիտություններից չորսը գյուղատնտեսական ուղղվածություն ունեն, եւ խմբում կային Ագրարային գալու եւ նույնիսկ կոնկրետ մասնագիտություն ստանալու որոշում կայացրած երիտասարդներ, եւ այս այցը նրանց համար առաջինը չէր։
Համալսարան այցելությունը ամրապնդեց ագրարային մասնագիտություն ստանալու նրանց որոշումը։