Վանիկ Մարգարյանի հուշամրցաշարը․ հարգանքի տուրք եւ դիտարժան մարզական իրադարձություն

Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը եւ ամբիոնի վարիչ Հայկ Կիրակոսյանը հաճախ են հանդես եկել նպատակային, տարբերվող նախաձեռնություններով․ այս մեկը, սակայն, առանձնահատուկ էր մի շարք առումներով։

ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտ Վանիկ Կարենի Մարգարյանին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարը հարգանքի գեղեցիկ տուրք էր մեր լավագույն քոլեջականներից մեկի, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած զինվորի եւ իր՝ Հայկ Կիրակոսյանի ուսանողի պայծառ հիշատակին․ սիրելի ուսանող, որ դարձավ նաեւ իր դասախոսի մարտական ընկերը․․․

Ահա այս երկակի ու անդառնալի կորստի զգացողությունը, Վանիկի ուժեղ ու գեղեցիկ անձը, իր կատարած գործի արժեւորումը ազդակ հանդիսացան բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու վոլեյբոլի մրցաշար աղջիկների չորս՝ Երեւանի պետական հումանիտար քոլեջի, ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի, Աջափնյակի մանկապատանեկան մարադպրոցի եւ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի թիմերի միջեւ։

Մրցաշարի մեկնարկին ներկա էր Վանիկի ընտանիքը՝ պապիկը, ծնողները, ավագ քույրը եւ հերոս զավակի կորստի ամենամեծ սփոփանքը՝ կրտսեր քույրիկ հրաշք Վանեն, որ ծնվել է Վանիկի անմահանալուց հետո։

Ողջույնի իր խոսքում Հայկ Կիրակոսյանը բնութագրեց Վանիկին թե որպես ուսանողի` պարտաճանաչ, համեստ, միշտ դասին պատրաստ եւ վոլեյբոլի սիրահար, եւ թե որպես հայրենասեր, նվիրված, բանիմաց, կազմակերպված զինվորի, որի հետ դասախոսը հանդիպել է պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը եւ դարձել են մարտական ընկերներ։ Վանիկը հերոսաբար ընկավ 2020 թ․ նոյեմբերի 7-ին՝ Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ։

Ներկաներին ողջունեց Վանիկի հրամանատար, մայոր Օհան Պողոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Վանիկի անվան մրցաշար կազմակերպելու համար։ Հրամանատարը Վանիկին բնութագրեց որպես մարդկային բոլոր դրական հատկանիշներով օժտված, արտակարգ լավ դաստիարակություն ստացած եւ նվիրված զինվորի։ Մայոր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Վանիկի ընտանիքին՝ նրա նման զավակ հայրենիքին պարգեւելու համար։

Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հուշամրցաշարը կազմակերպելու համար։ «Ես բախտ չեմ ունեցել շփվելու Վանիկի հետ, սակայն շատ դրական բաներ եմ լսել նրա մարդկային տեսակի մասին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ծնողներին՝ նման զավակ մեր հայրենիքին ու ժողովրդին պարգեւելու համար։ Վանիկը եւ մեր բոլոր անմահացած հերոսները միշտ մեզ հետ են, մենք նրանց միշտ հիշում ենք», – ասաց պարոն Վարդանյանը։

Վանիկ հայրը՝ Կարեն Մարգարյանը ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց Հայկ Կիրակոսյանին եւ Ագրարային համալսարանին՝ հուշամրցաշարի միջոցով իր որդու հիշատակը հավերժացնելու գեղեցիկ ջանքի համար։

Մրցաշարի բարձր մակարդակն ապահովեցին առաջին մասնաշենքի մարզադահլիճում երկու օր՝ մայիսի 14-ին եւ 15-ին ծավալված թեժ պայքարը, իրական մարզական ու երկրպագուական կրքերը, եւ անշուշտ, արդար խաղի երաշխավոր արհեստավարժ մրցավարությունը։ Ի դեպ, մրցավարներից մեկը վոլեյբոլի՝ Հայաստանում միակ միջազգային կարգի մրցավար Նարեկ Շիրինյանն էր։

Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում անվիճելի առաջատարը Աջափնյակի մանկապատանեկան մարզադպրոցի՝ բացառապես արցախցիներից կազմված ուժեղ թիմն էր, որ հաղթեց բոլոր մրցակիցներին։ Մարզիչը՝ Գայանե Մելքումյանը, այս թիմին մարզել է նաեւ Ստեփանակերտում, իսկ Երեւանում նրանց հետ շարունակում է աշխատել նույն եռանդով։ Մրցանակային մյուս տեղերի համար համառ ու գեղեցիկ պայքարից հետո ի վերջո երկրորդ հորիզոնականին արժանացան հումանիտար քոլեջի սանուհիներ, իսկ Ագրարայինի քոլեջականները բավարարվեցին երրորդ մցանակային տեղով։

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցեցին Ա․ Քոչինյանի անվան քոլեջի տնօրենը, թիմերի մարզիչները։ Խորհրդանշական էր, որ մրցաշարի գավաթը հաղթողների՝ արցախցի գեղեցիկ ու հզոր աղջիկների թիմի ավագին հանձնեց Վանիկի հայրը՝ Կարեն Մարգարյանը։ Իսկ հուշամրցաշարի յուրահատուկ խորհրդանիշն ու թալիսմանը դարձած փոքրիկ Վանեն, որ խնամքով հավաքում-տեղավորում էր հերոս եղբորը խոհրդանշող մրցանակները, հաճույքով ընդունեց նաեւ Պետական հումանիտար քոլեջի մարզիչի գեղեցիկ անակնկալ նվերը։

Ներկաների ինքնաբուխ ցանկությունն էր՝ հուշամրցաշարը դարձնել ավանդական՝ մի օր այն Արցախում անցկացնելու հաստատակամությամբ։