Մարտի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում բացվեցին մսամթերքի, կաթնամթերքի եւ պահածոների ու սննդախտանյութերի վերամշակման ուսումնական լաբորատորիաները։ Արդիական եւ գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած երեք լաբորատորիաների ստեղծման ծրագիրը Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում իրականացրել են գլխավոր գործընկեր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՕՖ-ը եւ CIVITTA Հայաստանը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։
Որպես ուսումնագործնական եւ կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների ժամանակակից ենթակառույցներ, լաբորատորիաների նշանակությունն անցնում է մասնաճյուղի եւ համալսարանի սահմաններից եւ գալիս է լուրջ դերակատարություն ստանձնելու Լոռու մարզի ագրովերամշակման ամբողջ ոլորտի զարգացման գործում։ Պատահական չէր լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռեբեկա Ուայթի, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի եւ այլոց թվում նաեւ մարզի մասնավոր ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությունը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի բացման խոսքից հետո ներկաներին ջերմորեն ողջունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա շնորհավորեց գործընկերության բոլոր կողմերին եւ հատկապես ուսանողներին՝ նշելով, որ համալսարանի ուսումնահետազոտական-ուսումնաարտադրական ենթակառույցների այս հերթական ծանրակշիռ համալրումը ներդրում է երկրի ագրոբիզնեսի ոլորտում մարդկային կապիտալի, այլ խոսքով՝ Հայաստանի ապագայի մեջ։ Ռեկտոր Ուռուտյանը կարեւոր համարեց մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության նոր հնարավորությունները, որ բացվում են լաբորատորիաների շահագործմամբ։ Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ համալսարանի՝ ծրագրի պատասխանատու թիմին՝ նորարարական հերթական ենթակառույցների ստեղծման հարցում կարեւոր աջակցության համար։ Ռեկտորը տեղեկացրեց, որ լաբորատորիաները նաեւ առաջիկայում Վանաձորի մասնաճյուղի քոլեջում ներդրվելիք դուալ կրթական ծրագրի հաջողության գրավականն են։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ողջունելով եւ շնորհավորելով գործընկերներին եւ ուսանողներին, նշեց, որ ՄԶԳ-ն ուրախությամբ է օժանդակում գյուղատնտեսության ոլորտի համար գործնական արդիական հմտություններ ապահովող եւ համայնքների տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին առհասարակ եւ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրին՝ մասնավորապես։ Նա մեծ ձեռքբերում համարեց ծրագրի շրջանակում արժեքավոր մասնագիտական հմտություններ ստանալու եւ մասնագիտական աշխատաշուկան համալրելու՝ երիտասարդների համար ստեղծված այս հնարավորությունը։
Ներկաներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին նաեւ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Մասնակիցները շրջայց կատարեցին եւ հաճույքով համտեսեցին լաբորատորաներում պատրաստված կաթնամթերքի, մսամթերքի, պահածոների ու հյութերի բավականին լայն տեսականին, որ աչքի էր ընկնում իր արտակարգ համային հատկանիշներով, ապրանքային տեսքով, անվտանգությամբ եւ նորարարությամբ։ Այն աշխատանքը, որ պարենամթերքի մեր տեխնոլոգների՝ դասախոսների ու ուսանողների խումբը կատարել էին անասնաբուծական եւ բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնների վարիչներ Մարինա Կարախանյանի եւ Նունե Սիմոնյանի ղեկավարությամբ՝ անտարբեր չէր կարող թողնել որեւէ համադամասերի։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում Վանաձորի մասնաճյուղում անցկացված դասընթացների մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը, որի պարտականությունը հաճույքով ստանձնեց պրոռեկտոր Զաքոյանը։
Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ աշխատանք գտնելու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: