Վախճանվել է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԱՀ դոցենտ, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի երախտավոր Սայաթ Պետրոսյանը

Ծնվել է 1937թ. Նոյեմբերյանի Կոթի գյուղում: Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետում: Ուսման տարիներին եղել է լենինյան թոշակառու: 1961 թ. գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը եւ նշանակվել սովխոզի գլխավոր ինժեներ-մեխանիկ: 1964-1967 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1967 թ. ընդունվել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց եւ գերազանցությամբ ավարտել այն: 1969 թ. նշանակվել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար սովխոզի տնօրեն, 1971-1980 թթ.՝ Նոյեմբերյանի գյուղատնտեսության վարչության պետ: 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել գյուղատնտեսության թեկնածուի գիտական աստիճան: 1980-1989 թթ. եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1985-1990 թթ. եղել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-1992 թթ.՝ «Հայբերրիություն» հանրապետական միավորման նախագահի առաջին տեղակալ: 1992-1995 թթ. եղել է Կոթի գյուղի համայնքապետ, մասնակցել է արցախյան ազատամարտին: 2007-2008 թթ. եղել է «Գալիք» համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ:

2009-2015 թթ. դասախոսել է Հայաստանի ագրարային համալսարանում, 2012 թվականից՝ դոցենտ:

2013 թ. ավարտել է Մոսկվայի կառավարման համալսարանի դոկտորանտուրան: Հրատարակել է 4 գիրք (որից 2-ը՝ մենագրություն) եւ 75 գիտամեթոդական հոդվածներ (որից 20-ը՝ արտերկրում): Պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» եւ «Պատվո նշան» շքանշաններով, ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ոսկյա, արծաթյա եւ բրոնզյա մեդալներով եւ բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով: 2015 թ․ Մոսկվայի Կառավարման համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է «Համաշխարհային տնտեսագիտություն» թեմայով դոկտորական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ստեղծարար աշխատանքով, նվաճումներով լի հարուստ, հագեցած, լիարժեք կյանք ապրած գիտնականի, մանկավարժի, ղեկավարի, մարդու ու քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչող բոլորի սրտերում։

Սայադ Պետրոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ 09․07․ 2024 թ․, Զոլեր սգո սրահում (Շահումյան), ժամը 17։00-20։00-ը, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում։