«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» նախագծի ՀԱԱՀ թիմի մասնակցությամբ հերթական հանդիպումը Ավստրիայում էր

«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» (LISS24) նախագծի շրջանակում հերթական հանդիպումը կայացել է փետրվարի 10-ից 15-ը, Ավստրիայի Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանում։ Հանդիպմանը մասնակցել է LISS24-ի ՀԱԱՀ թիմը՝ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, LISS24 նախագծի ՀԱԱՀ ղեկավար Արթուր Ալթունյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ  քաղաքականության ամբիոնի դասախոս, LISS24-ի մասնագետ Հասմիկ Գեւորգյանը եւ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, LISS24  ծրագրի մասնագետ Արա Ամիրյանը։

Դասընթացների հիմնական նպատակը վաճառքների դասընթացի կազմման եւ գիտական լաբորատորիաների հիմնման վերաբերյալ պատկերացում տալն էր, ընդ որում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել նաեւ վաճառքների գծով գործնական վերապատրաստման եւ փորձարկել աչքերի շարժման հետագծման հավելվածները։

Դասընթացների շրջանակից դուրս պրոֆեսոր Ամիրյանը եւ դոցենտ Ալթունյանը հանդիպել են Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանի Արդյունաբերական ճարտարագիտության եւ կառավարման ինստիտուտի ռոբոտատեխնիկայի ծրագրի ղեկավար դոկտոր Ալեքսանդր Նեմեչեկի հետ։ Վերջինը սիրով եւ հանգամանորեն ծանոթացրել է «Ռոբոտատեխնիկայի» մասնագիտության ՄԿԾ-ին, դասընթացին եւ հետազոտական լաբորատորիաներին, ցուցադրել որոշ ռոբոտների եւ հաստոցների, ստենդների աշխատանքը, բացատրել ուսանողների կատարած ընթացիկ, ավարտական աշխատանքների եւ փորձուսուցման կազմակերպման մեթոդները, հաղորդակից դարձրել ուսանողների շրջանում արհեստական բանականության ոլորտի նկատմամբ հետաքրքրության զարգացման իրենց փորձին։

Դոկտոր Նեմեչիկի հետ քննարկվել են նաեւ հետագայում Erasmus+ ծրագրերի շրջանակներում Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսանների միջեւ դասախոների եւ ուսանողների հնարավոր փոխայցերի իրականացման հնարավորությունները։

Գործընկերները երկուստեք գոհունակություն են արտահայտել առհասարակ LISS24 նախագծի շրջանակում գործակցության ընթացիկ փուլից եւ մասնավորապես նախագծում ընդգրկված եւրոպական, հայաստանյան եւ վրաստանյան համալսարանների միջեւ միջգիտակարգային երկխոսության մակարդակից։