Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրի շրջանավարտները պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները

Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրի հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի տասներեք ուսանողները երեկ՝ ապրիլի 16-ին սկսեցին եւ այսօր ավարտեցին դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Թեմաների բազմազանության ու հրատապության, ուսանողների յուրահատուկ ներկայացումների առումով, ոլորտի առաջատար մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը ձանձրանալու առիթ չունեցավ։ Իսկ գիտելիքի պակասը միշտ էլ կարելի է եւ պետք է լրացնել՝ դա վերաբերի շոկոլադի մանրէաբանական ցուցանիշներին, թե մեզանում օրեցօր ավելի ու ավելի կարեւոր դարձող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում արհեստական բանականության միջամտությանը․․․

Պարենամթերքի տեխնոլոգների հերթական փաղանգը կարծես թե պատրաստ է համալրելու առողջ հասարակության համար պատասխանատվություն ստանձնողների շարքը, ընդ որում՝ բավականին հավակնոտ ծրագրերով, ոմանք՝ սեփական արտադրանքով։ Պատահական չէ, որ հանձնաժողովի նախագահ, տեխ․ գիտ․ թեկնածու Արեն Զարգարյանի ուղերձներից մեկն էր՝ եթե համարձակություն ունեք ստանդարտից շեղվող արտադրանք ստեղծելու, ուրեմն ստանդարտից շեղվող լուծումներ էլ առաջարկեք։

Շրջանավարտող ուսանողների՝ դասախոսներին, դիպլոմային աշխատանքների ղեկավարներին եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ղեկավարությանն ուղղված երախտիքի խոսքերում որոշակիորեն երեւակվեց ուսանողների հետ կատարված մեծ ծավալի հետեւողական աշխատանքը։ Առանձնահատուկ ջերմությամբ արտահայտվեցին ֆակուլտետի դեկանատի մասնագետ Հերիքնազ Հովեյանի մասին։ Ջերմ բաժանումը, շրջանավարտ Մարինայի «թեթեւ» ձեռքով, կհիշվի նաեւ իր արտադրած բազմազան, համեղ ու ըստ ամենայնի՝ որակյալ շոկոլադով։