Այսօր ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի յոթ 12-րդ դասարանցիների համար հնչեց վերջին զանգը։ Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին։
Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ոտք եք դնում հասուն կյանք՝ հրաժեշտ տալով դպրոցական առօրյային, պատանեկությանն ու անհոգությանը։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքի հաջորդ փուլերում միշտ հիշեք հարազատ կրթօջախը, սիրելի մանկավարժներին եւ նրանց տված գիտելիքն ու կյանքի դասերը։ Դրանք շատ թանկ հիշողություններ են, որոնք ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքում եւ ձեր մեջ կենդանի են պահելու այն երեխային, պատանուն, որը միշտ մաքուր է, ազատ եւ ազնիվ։
Մասնագիտական ինչ բնագավառ էլ որ ընտրելու լինեք, տեխնոլոգիաները, թվային լուծումները, արհեստական բանականությունը գնալով ավելի վճռական դեր են խաղալու մեր կյանքում։ Տիրապետեք այդ տեխնոլոգիաներին՝ անկախ ձեր ընտրած մասնագիտությունից։ Ես գիտեմ, որ մասնագիտության ընտրության հարցում դուք արդեն կողմնորոշված եք, ընդ որում ձեր մեծամասնությունը հիմնականում ուսումը շարունակելու է Ագրարային համալսարանում։ Մեր համալսարանը, որ երկրի բարձրագույն կրթության համակարգում ամրապնդել է իր համբավը որպես արմատական ու խորքային բարեփոխումներ իրականացնող բուհի, շարունակում է ագրոտեխնոլոգիական գիտակրթական գերազանցության կենտրոնի վերափոխման գործընթացը։
Ձեզանից շատերը տեսել են այն նոր լաբորատորիաներն ու կենտրոնները, որոնք Ագրարային համալսարանում ստեղծվել են վերջին տարիներին։ Այդ բոլորն այսօր լիարժեք կերպով օգտագործվում են եւ լուծում կրթական ու հետազոտական լուրջ խնդիրներ։ Ընդամենը երկու-երեք տարի առաջվա Ագրարային համալսարանը նույնը չէր, ինչ այսօրվա համալսարանն է․ այսօր պարենամթերքի տեխնոլոգը հնարավորություն ունի հենց համալսարանում իր ձեռքով պատրաստել հրուշակեղեն, շոկոլադ, գարեջուր, գինի եւ այլն, այսինքն՝ եւ գործնականորեն սովորել իր մասնագիտությունը, եւ բարիք ստեղծել։ Նույնը վերաբերում է ագրոնոմին, որ աշխատում եւ սովորում է համալսարանի նորարարական ջերմատանը կամ ինտենսիվ այգում։ Մի քանի տարի առաջ շատերը նույնիսկ չէին լսել ճշգրիտ գյուղատնտեսություն արտահայտությունը, այսօր ագրարային ճարտարագիտություն ուսումնասիրող ուսանողը հնարավորություն ունի մասնագետ դառնալ՝ սովորելով գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի, երկրատեղեկատվական համակարգերի, եղանակային կայանների ու ջրաչափական ու հողաչափական գերճշգրիտ սարքերի միջոցով։ Եվ այսպես շարունակ։
Մշտապես սովորեք եւ սիրեք Հայրենիքը եւ ձեր ամենօրյա աշխատանքով հզորացրեք նրան, մոտեցրեք անվտանգ, տնտեսապես բարգավաճող եւ գիտության, տեխնոլոգիայի, մշակույթի եւ սպորտի երկիր Հայաստանի տեսլականը։
Այս տարի նշում ենք վարժարանի հիմնադրման 25-ամյակը։ Այս գեղեցիկ առիթով նույնպես շնորհավորում եմ վարժարանի մանկավարժական անձնակազմին, աշակերտներին եւ բոլոր տարիների շրջանավարտներին։ Մանկավարժները, որ փորձառու եւ նվիրյալ ուսուցիչներ ու Ագրարային համալսարանի դասախոսներ են, այս տարիների ընթացքում մշտապես բարձր են պահել թե վարժարանի, թե համալսարանի եւ թե առհասարակ կրթության պատիվն ու հեղինակությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին՝ տնօրեն տիկին Արաքս Հակոբյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն այն հարյուրավոր աշակերտների համար, որոնք ընդունվել են Ագրարային համալսարան, հետագայում դարձել լուրջ մասնագետներ եւ զբաղվում են մասնագիտական, դասախոսական ու գիտական աշխատանքով։
Բարի երթ, խաղաղ երկինք եւ հաջողություն բոլորիդ։