Քսանութերորդ տարին է, որ Ս․ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ ապրիլի 7-ը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է նաեւ որպես Մայրության եւ գեղեցկության տոն՝ թերեւս ամենագեղեցիկը,
ամենախորիմաստն ու ամենահուսաբերը մեր իրականության մեջ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր։ Ինձ համար պատիվ ու մեծ բավականություն է տոնական առիթն օգտագործել հավաստիացնելու, որ մենք սիրում, խորապես հարգում եւ գնահատում ենք ձեզ բոլորիդ՝ ընտանիքում, աշխատանքում, հանրային կյանքի տարբեր բնագավառներում, ընդ որում՝ մշտապես եւ ոչ թե միայն տոն օրերին։ Շնորհակալություն, որ դուք ուղղորդում ու իմաստավորում եք մեր ընդհանուր կարեւոր գործը, ոգեւորում բոլորիս, ուս-ուսի կերտում մեր ընդհանուր նվաճումները եւ հենց դուք էլ ամենասթափ ու անաչառ գնահատականներն եք տալիս կատարված աշխատանքին։
Մեր կյանքում ու մեր աշխատանքում, մեր հայրենիքի պատմության այս դժվարին փուլում բազում մարտահրավերների առջեւ ենք կանգնած։ Սակայն ես ուզում եմ, որ մի բանում դուք համոզված լինեք․ մենք հաղթահարելու ենք ամեն դժվարություն, քանի որ մեր կողքին եք դուք՝ ձեր իմաստնությամբ, գեղեցկությամբ, մայրական անսխալական բնազդով, աշխատելու, սերունդ կրթելու ու դաստիարակելու ձեր մեծ առաքելությամբ ու շատ հաճախ՝ հնարավոր տասը ելքերից անհնարին տասնմեկերորդը պեղելու-հայտնագործելու ձեր աստվածատուր կարողությամբ։
Սիրելիներ, օրհնյալ լինի ձեր անցած ու անցնելիք ճանապարհը եւ շնորհավոր Մայրության եւ գեղեցկության օր։ Ձեզ մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք եւ ուսում, ձեր ընտանիքներին՝ առողջություն եւ բարեկեցություն։
- 07/04/2023
- 2023