Պրոֆեսոր Դավիդե Ներին հանդիպում է ՀԱԱՀ գիտական գծով պրոռեկտորի եւ Հրատարակչական բաժնի հետ

Սեպտեմբերի 19-ին ՀԱԱՀ հրատարակչական բաժնի աշխատակիցները սպասված ու հետաքրքիր հանդիպում ունեցան Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի գյուղատնտեսական, պարենի եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հետ, որը հերթական անգամ Հայաստանում էր Ֆրուտենիա նախագծի շրջանակում։ Պրոֆեսոր Ներին ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ  է։

Պրոֆեսոր Ներիին ջերմորեն ողջունեցին Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, որը բարձր գնահատեց իտալացի գործընկերոջ ներդրումը որպես մեր գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամի։ Նա նշեց, որ միջազգային հեղինակավոր փորձագետի շահագրգիռ մոտեցումն ու նվիրվածությունը ուղղորդող դեր է կատարում պարբերականի գործունեության մեջ։

Պրոֆեսոր Ծպնեցյանն այնուհետեւ հակիրճ ներկայացրեց ՀԱԱՀ-ի գիտական գործունեությունը, մասնավորապես անդրադառնալով գիտական կենտրոն մասնաճյուղերի, գիտական այլ ստորաբաժանումների աշխատանքին, իրականացվող գիտական թեմաների ուղղվածությանն ու համալսարանում ստեղծվող գիտական արդյունքի գործնական կարեւորությանը։

Հրատարակչական բաժնի աշխատանքների մասին հաղորդումով էլ հանդես եկավ բաժնի աշխատակից Արփինե Սուքիասյանը։

Անմիջական մթնոլորտում ծավալվեց ընդհանուր գործի, հետագա համագործակցության վերաբերյալ երկուստեք օգտակար եւ հաճելի զրույց։ Պրոֆեսոր Ներին չթաքցրեց մեր հրատարակչականի առինքնող թիմի մասին իր դրական տպավորությունները, բարձր գնահատեց նրանց շնորհակալ աշխատանքը։ Միջազգային գիտական տարածքում հաջողելու ձգտում ունեցող եւ այդ ասպարեզում ասելիքը հստակեցնող մեր թիմի համար բացահայտեց որոշ՝ տարածված առասպելներից զատվող պոտեցիալ հնարավորություններ։