ՈՒրախ-թախծոտ-անմոռանալի մի օր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱգրիԹեք սրահում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնեցին ագրոնոմիական մասնագիտությունների մագիստրանտներին: Արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ…

Որքան էլ պահը դժվարին լինի մեր երկրի ու ժողովրդի համար, այնուամենայնիվ, այս երիտասարդներն իրենց տարիների աշխատանքի ամփոփման մի կարեւոր հանգրվանում են եւ ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը ջանացել էր, որ ամեն ինչ արվի ըստ պատշաճի:

-Այս հրաշք, լուսավոր կամարների տակ դուք կայացաք, հասունացաք որպես մասնագետ եւ քաղաքացի: Վստահ եմ, որտեղ էլ աշխատեք, ձեզ կդրսեւորեք որպես փայլուն մասնագետ եւ հայրենասեր քաղաքացի: Այսօր անպատճառ պետք է գնահատենք նաեւ ձեր ծնողների ջանքերը, որ հասաք նպատակին:

Մագիստրոսների մեծ մասը կարմիր դիպլոմ ստացավ, շատերն արդեն ապահովված են աշխատանքով, իսկ Հրանտ Կեսոյանը, դեռ ավարտաճառի փայլուն պաշտպանության ժամանակ դասավանդելու առաջարկ էր ստացել, որը դեկանը հաստատեց նաեւ հիմա:

Երիտասարդները վճռական են նվիրումով լծվելու երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտի՝ գյուղատնտեսության, զարգացման ռազմավարական նշանակությամբ գործին:

Յառաջ: