Ուստարվա առաջին գիտխորհուրդը․ մարտահրավերներին արձագանքել զարգացման անսխալ գործելաոճով

Սեպտեմբերի 28-ին կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը ցավով նշեց, որ ուստարվա առաջին նիստը տեղի է ունենում Արցախի հանդեպ ագրեսիայի, արցախահայությանը պատուհասած ողբերգական իրադարձությունների ու բռնի տեղահանման պայմաններում։ ՀԱԱՀ-ն, մասնավորապես Սիսիանի մասնաճյուղը, ակտիվորեն ներգրավված է Արցախի մեր հայրենակիցների աջակցության տարբեր աշխատանքներում։ Հնարավորություններ են ստեղծվել մեր բազմամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի եւ արցախյան այլ բուհերի ուսանողների կրթությունը ՀԱԱՀ-ում շարունակելու համար։

Իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Ագրարային համալսարանի իրականացրած եւ իրականացնելիք աշխատանքների կարեւորությունը։ Ընդ որում, նշեց պարոն Ուռուտյանը, մեր ազգային-պետական ինքնիշխանության մարտահրավերների բերումով մենք ոչ թե բնականոն, այլ թռիչքային զարգացում պետք է ապահովենք գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում։

Ռեկտոր Ուռուտյանն այնուհետեւ գնահատեց 2023-2024  ուստարվա ընդունելության արդյունքները` շեշտելով դրական տեղաշարժը, մանավանդ` ՀԱԱՀ քոլեջների առումով, որտեղ այս տարի ընդհանուր առմամբ ընդունվել է 326 դիմորդ, անցյալ տարվա 280-ի դիմաց։ Հաջողությունը պարոն Ուռուտյանը բացատրեց քոլեջներում դուալ կրթական ծրագրերի ներդրմամբ, պետական կրթաթոշակների սահմանմամբ եւ, անշուշտ, մեր թիմերի լավ աշխատանքով, որի համար նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին։

Բակալավրիատի ընդունելության ցուցանիշները նույնպես բարելավվել են, ընդ որում՝ նույնիսկ նախորդ ուստարվա համեմատ ավելի քիչ դիմորդների առկայության պայմաններում։ Ուսումնական պլանների շարունակական բարելավումները, ուսումնահետազոտական նորարարական բազմաթիվ կենտրոնների գործարկումը, դուալ կրթության համակարգի կայացումը, մարզային 11 դպրոցներում ագրոտեխնոլոգիաների դասընթացի ներդրումը եւ համալսարանի հեղինակության բարձրացումը չէին կարող արդյունք չտալ։ Ռեկտոր Ուռուտյանը շեշտեց, սակայն, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները ինտենսիվացման ու ընդլայնման կարիք ունեն ոչ միայն պոտենցիալ դիմորդների, այլեւ նրանց ծնողների շրջանում։

Գիտխորհրդի 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանի վերաբերյալ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից հետո խորհուրդը քննարկեց  եւ հաստատեց այն։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ՀԱԱՀ ստորաբաժանումների 2022-2023 ուստարվա տարեկան հաշվետվություններին, որոնցով հանդես եկան ստորաբաժանումների ղեկավարները։ Զեկուցումներից ակնհայտ դարձավ, որ առաջընթաց է գրանցվել աշխատանքային կիսամյակի գործելաոճի կայացման, մասնավոր հատվածում նոր գործընկերների ձեռք բերման, ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների խոստումնալից մեկնարկային «թափավազքի», շրջանավարտների՝ մասնագիտական աշխատանքի տեղավորման, գյուղխորհրդատվության ոլորտում համալսարանի դերի ամրապնդման, դասախոսների վերապատրաստումների, արտաքին եւ ներքին շահակիրների համար կարճաժամկետ դասընթացների արդյունավետության, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաների ու բովանդակության դրական որակական փոփոխության եւ մի շարք այլ ուղղություններով։ Նշվեցին, սակայն, գրախոսությունների ցածր որակը, գրախոսողներից ոմանց՝ «թերությունները չտեսնելու» անընդունելի գործելակերպը։ Գիտխորհուրդն այս երեւույթին եւս սկզբունքային գնահատական տվեց՝ այլեւս չի հանդուրժվելու։

2022-2023 ուստարվա ուսումնական գործընթացի արդյունքների ու խնդիրների մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որը նպատակահարմար համարեց ուստարվա ձեռքբերումներն ու թերացումները չափել համալսարանի զարգացման ռազմավարական թիրախների հետ համեմատության մեջ` առավելապես կանգ առնելով ոչ թե կատարված, այլ նախանշված եւ մասամբ կատարված թիրախների վրա։ Պարոն Զաքոյանը խոսեց կրթական ծրագրերի խոշորացման համատեքստում մասնագիտությունների անվանումների հարցում դիմորդի համար ավելի հասկանալի լինելու, ուսանողների  գնահատման համակարգի կատարելագործման («արժանահավատության եւ օբյեկտիվության հարցում դեռեւս անելիքներ ունենք») անհրաժեշտության մասին։

Պրոռեկտոր Զաքոյանը նշեց, որ դիմորդների թվի նվազման խորապատկերին ընդունվածների թվի ավելացումը ցույց է տալիս, որ ընդունելության շեմը հաղթահարածների թիվն ավելացել է։ «Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք այն բանին, որ մարդիկ հասկանան՝ Ագրարային համալսարան գալիս են ոչ թե պարզապես սովորելու, այլ լավ սովորելու համար»։

Ուսման որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում, ինչպես նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը, համալսարանը դիտարկում է այնպիսի նոր հնարավորություններ, ինչպիսիք են «Դասընթացների գրացուցակ (course catalogue)» ձեւաչափով դասախոսների վերապատրաստումները, Գայզենհայմի համալսարանի հետ կրկնակի դիպլոմների շնորհումը, եվրոպական այլ առաջատար համալսարանների հետ ճշգրիտ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, անասնաբուժության (ներառյալ վայրի կենդանիների եւ ձիաբուժության), սննդի անվտանգության համատեղ կրթական ծրագրերի իրականացումը։

Ռեկտոր Ուռուտյանը, արձագանքելով քննարկված օրակարգային հարցերին, խոսեց ՀԱԱՀ-ի լաբորատորիաներում մասնավոր հատվածի համար իրենց հետազոտական գաղափարներն իրականացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին։ Նա չթաքցրեց ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների ձեւավորման գործընթացով (ՀԱԱՀ-ն այս նորարարական ձեւաչափը կիրառող միակ բուհն է) եւ խորհուրդների անդամների պատրաստակամությամբ իր ոգեւորվածությունը։ Նշեց վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի հաջողությունը (1800 վերապատրաստվածների կեսը մասնագիտական աշխատանքի է տեղավորվել) եւ դրանց շարունակականության կարեւորությունը։ Տեղեկացրեց շուտով ստեղծվելիք գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի մասին։

Գիտխորհուրդը քննարկեց նաեւ ընթացիկ հարցեր։