Երեկ՝ հունվարի 10-ին ագրոնոմիական ֆակուլտետի օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի մագիստրանտները ավարտաճառերի նախապաշտպանության էին ներկայացել եւ արդյունքներին խիստ ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ հետեւում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, փոխդեկան Սասուն Մամաջանյանը, դոցենտ Ռուդիկ Նազարյանը, թեզերի ղեկավարները:
Բոլոր թեմաների գիտափորձերը երիտասարդները իրականացրել էին սեփական ձեռքերով, համալսարանի՝ օրգանական գյուղատնտեսության Ակունք կենտրոնում: Այս առումով պրոռեկտորը գոհունակությամբ նշեց, որ կարեւորում է թեմաների շարունակականությունը՝ երբ նախորդ տարվա փորձերի տրամաբանական ընթացքը նոր փուլով իրականացնում են հաջորդ տարվա մագիստրանտները:
Ներկաները «անխնա» հավանական ու անհավանական հարցեր էին տալիս, ուշադիր քննում վիճակագրության տվյալները, աղյուսակները, ցուցադրական սահիկների բովանդակությունը:
– Այս ամենն արվում է ձեզ համար, որ հանձնաժողովի առջեւ կարողանաք անթերի ներկայանալ,- ասում է դոցենտ Նազարյանը եւ երիտասարդները դա շատ լավ հասկանում էին (հիմքում ամեն ինչ անչար էր):
– Աշխատեք տեղավորվել ձեզ հատկացված ժամանակահատվածում, պաշտպանության պահին դա շատ կարեւոր է,- եւս մի կարեւոր խորհուրդ է տալիս փոխդեկան Մամաջանյանը:
Թեզերի բովանդակային կողմին ավելի հանգամանորեն կանդրադառնանք պաշտպանությունների ժամանակ, հատկապես որ դրանք շատ արդիական են, կիրառական նշանակությամբ, տնտեսության զարգացման տեսակետից կարեւոր:



















