Երեկ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որտեղ ֆակուլտետների դեկանների, քոլեջի եւ մասնաճյուղերի տնօրենների զեկուցումների հիման վրա ամփոփվեցին քննաշրջանի արդյունքները, կրեդիտային եւ վարձավճարների պարտքերի մարման ընթացքը: Հենց սկզբից ռեկտոր Վարդան Ուռուտյանը զեկուցողներին հորդորեց շեշտադրել առկա՝ լուծման կարոտ խնդիրները:
– Վերլուծե՞լ, համադրե՞լ եք թեստային եւ ավանդական համակարգերով քննությունների արդյունքները:
Եւ՛ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Կարեն Մինասյանը, եւ՛ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը վերլուծություն իրականացրել էին: Համադրությունը հստակ ցույց է տալիս, որ 1-2-րդ կուրսերում քննությունների արդյունքները բարձր են, գրեթե միտված 100 տոկոսի: Եւ գնահատականների բողոքարկումներն էլ անհամեմատ քիչ են, նվազել են:
Ռեկտորը նշեց, որ առաջին փուլի համար թեստերի հարցաշարերը հեշտ էին, պետք է աշխատել-բարելավել բովանդակային առումով: Բարդ հարցերի շնորհիվ հստակ կզատվեն ընդամենը անցողիկ բալ հավաքած եւ ավելի խորը գիտելիքներ ունեցող ուսանողների գնահատականները: ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը նկատեց, որ թեստերը պետք է պատրաստ լինեն քննաշրջանից 4 ամիս առաջ:
Վերջին շրջանում պրոռեկտոր Կարեն Մինասյանը դիտարկումների միջոցով համոզվել է, որ դեկանատները կայքի Ebuh համակարգի տվյալները՝ հատկապես նախորդ տարիների, կանոնավորապես չեն մուտքագրում, եւ էական խզում է առաջանում թվերն ամփոփելիս:
– Ebuh-ը հրաշալի գործիքակազմ ունի, գործառույթներ, որոնք էապես հեշտացնում են դեկանատների աշխատանքը եւ այդ հնարավորությունները պետք է ամբողջությամբ, ողջ ծավալով օգտագործվեն: Ռեսուրսներ ենք ծախսում, համակարգ ենք ներդնում, որ գործը շահի, մինչդեռ թերացումների պատճառով ոչ լիարժեք պատկեր է ստեղծվում: Ընթացակարգ պետք է սահմանվի դեկանատների պատասխանատուների համար:
Ռեկտորատը որոշեց, որ մինչեւ օգոստոսի վերջ բացթողումները կլրացվեն: