Ուսանողակենտրոն. Ապագա անասնաբույժների ինքնուրույն աշխատանքների մատուցումը տպավորիչ էր

Հեռակա համակարգով անասնաբուժական կրթություն ստացող առաջին կուրսեցիները երեկ՝  ապրիլի 6-ին, ներկայացրին հասարակագիտական մոդուլի բաղադրիչ՝ մշակութաբանություն առարկայից ինքնուրույն աշխատանքները: Հենց սկզբից դասախոսը խնդրել էր, որ բացառեն copy-paste-print ամոթալի եռամիասնությունը: Երիտասարդները ազատ էին թեմաների ընտրության հարցում, մատուցումը բանավոր էր՝  ցուցադրական նյութերի ուղեկցությամբ:

Թեմաների ինչ բազմազանություն էր՝ համաշխարհային գրականություն, կրոնի պատմություն, գեղանկարչություն, ազատություն, ընկճախտ ու վախեր, մի խոսքով՝ ձանձրանալու պատճառ ու հնարավորություն պարզապես չկար:

Ուսանողները մեծ սիրով ու հետաքրքրությամբ էին պատրաստել թեմաները, լսում էին իրար, հարցեր տալիս, քննարկում, լրացնում: Սա այն է, ինչի մասին երազում են բոլոր դասախոսները (կամ գրեթե բոլորը): Իրապես ինքնուրույն աշխատանք, համեմված սեփական դիտարկումներով:

Առաջին տպավորությամբ անասնաբուժական հեռակա առաջին կուրսում շատ օժտված, խելացի համալրում ունենք, միայն մնում է խթանենք նրանց պրպտուն միտքը, որոնելու ջիղը: Մնացածն իրենք կանեն, հատկապես, որ շատերն արդեն աշխատում են մասնագիտական ոլորտում: