ՈւԳ շաբաթ. Տեխնոլոգիական բաժանմունքում, ինչպես միշտ, հետաքրքիր էր, համեղ եւ զգլխիչ

Ուսանողական շաբաթը ողջ թափով ընթանում է ֆակուլտետային բաժանմունքներում: Մեկ տարվա ընթացքում կատարած հետազոտությունների, փորձարկումների արդյունքները ամփոփելու եւ հանրայնացնելու ճիշտ ժամանակն է:

Տեխնոլոգիականի ՈՒԳԸ նիստի մասնակիցներին բարի մեկնարկ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց դեկան Սմբատ Դավեյանը. «Համալսարանական կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է սա: Ծրագրային հավատարմագրման գործընթացում կարեւորվում է հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը, վարկանշավորման անհրաժեշտ բաղադրիչ է: Այսօր 15 զեկուցում ենք լսելու եւ գնահատելի է, որ հեռակա համակարգից նույնպես ուսանողներ կան»:

Անաչառ դասախոսներից կազմված ժյուրին նախագահում էր տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բեգլարյանը: Ուսանողներից շատերի համար սա առաջին փորձն է ամբիոնից, բազում ունկնդիրների առջեւ ելույթի: Առաջին, բայց կարեւոր փորձառություն: Եւ նրանց հուզմունքը միանգամայն հասկանալի է ավագներիս համար, չէ որ ապրել ենք դա… Բայց կային նաեւ հիմնարար լաբորատոր փորձեր, դիտարկումներ եւ եզրահանգումներ արած երիտասարդներ:

Այս բաժանմունքում առանց համտեսի հնարավոր չէ աշխատել: Մագիստրանտ Գոհար Իսպիրյանի խաղուն գինին հավանեցին բոլորը, իսկ նա լաբորատոր հետազոտություններն էլ էր կատարել: Երրորդկուրսեցի Տիգրան Հարությունյանի եւ հեռակա համակարգից Էդգար Իվանյանի հետազոտական-փորձարարական աշխատանքների արդյունքները (կաթնաշոռ եւ մարինացված իշխան) նախորդ օրը համտեսել էին ճեմասրահում բոլորը եւ տպավորված էին: Դոցենտ Աննա Դաշտոյանի բնորոշմամբ. «Իրար ձեռքից էին խլում»: Եւ դասախոսները երիտասարդներին հարցեր էին ուղղում իրենց ապագա անելիքները ճշտելու, հաճախ՝ քաջալերելու համար:

Տեխնոլոգիականում լավագույն ճանաչվեցին Շահանե Բախշեցյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Տիգրան Հարությունյանի, Գարեգին Հախոյանի աշխատանքները: Նրանք իրենց զեկուցումները կներկայացնեն եզրափակիչ փուլում՝ ագրոճամբարում: Տեխնոլոգիականի նիստին մասնակցում էին հայ-հունական քոլեջի սաներն ու մանկավարժները: