Շիրակի գյուղքոլեջը «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» համաժողովում

ՀԱԱՀ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը Շիրակի մարզի եւս 3 միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած վերջին համաժողովին, որն ամփոփել է «Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») երկամյա ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացրել է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

ՄԿՈՒ հաստատությունների եւ մասնավոր հատվածի միջեւ կապի ամրապնդմամբ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակ հետապնդող ծրագրի շնորհիվ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմներ եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ: Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը:

Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը: Տիկին Անդրեասյանը մասնավոր հատվածի հետ ՄԿՈՒ ոլորտի կապերի սերտացումը կարեւոր է համարել ուսումնական հաստաքտությունների կարողությունների բարելավման, իսկ պարոն Հեսը՝ սովորողների շրջանում ձեռներեցության հմտությունների ձեռք բերման տեսակետից:

Որպես աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունք՝ Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններում (մեր քոլեջից բացի, շահառու հաստատություններն են Ամասիայի եւ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանները եւ Արթիկի պետական քոլեջը) ձեւավորվել 8 կարճաժամկետ եւ 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր, որոնք երաշխավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Միջոցառման ընթացքում «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ի եւ ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների միջեւ ստորագրվել է նվիրատվության վերաբերյալ հուշագիր: