Շահագործման է հանձնվել Ագրարային համալսարանի 100 կվ հզորությամբ արեւային համակարգը

Գործարկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի տանիքում տեղադրված ընդհանուր 100 կվ  դրվածքային հզորությամբ արեւային համակարգը։ Այն հնարավորություն կտա էապես նվազեցնել ՀԱԱՀ-ում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումները։
Համակարգը Ագրարային համալսարանի գործընկեր՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի հերթական առատաձեռն նվիրատվությունն է եւ հերթական առհավատչյան այն իրողության, որ ՀԱԱՀ-ի բազմաթիվ կարեւոր քայլեր ու նախաձեռնություններ արժանանում են համալսարանի եւ նրա ապագայի նկատմամբ անվերապահ վստահություն ունեցող տեղական եւ միջազգային գործընկերների ուշադրությանն ու աջակցությանը։
Բացի էլեկտրաէներգիայի ծախսերի էական կրճատումից, որը թույլ կտա խնայված միջոցներն ուղղել համալսարանի զարգացման տարբեր նպատակների, արեւային համակարգը նաեւ կանաչ տնտեսության անցման կարեւոր քայլ է։ Այն ՀԱԱՀ-ի՝ բնապահպանական, կանաչ տնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներին առնչվող մասնագիտություններով ուսանողների համար գործնական գիտելիքներ ստանալու լավ հնարավորություն է։
Գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների զարգացման՝ վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր նախագիծը՝ EU-GAIA-ն, որը վերջերս ավարտեց իր մեծարժեք առաքելությունը մեր երկրում, մեծապես նպաստել է ՀԱԱՀ-ի զարգացմանը խթանող շատ ծրագրերի իրականացմանը։