Մրցունակ մասնագետներ թողարկելը մեր բոլոր ջանքերի վերջնանպատակն է. ռեկտորատի հերթական նիստը

Հունիսի 26-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը: Նախքան օրակարգին անցնելը ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նորանշանակ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանին՝ առաջին անգամ պրոռեկտորի կարգավիճակով ռեկտորատին մասնակցելու առթիվ՝ մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ ֆակուլտետների դեկանները, քոլեջների ու   մասնաճյուղերի տնօրենները ներկայացրեցին 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների  ընթացքն ու խնդիրները, առկա  եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատությամբ գրեթե բոլոր մասնագիտական ուղղություններով ավարտաճառերն աչքի են ընկել դրական որակական  փոփոխություններով՝ հիմնված մասնագիտական մանրակրկիտ գիտահետազոտական աշխատանքի վրա: Էական առաջընթաց է գրանցվել նաեւ թեզերը պատկերավոր ու  տպավորիչ ներկայացնելու տեսանկյունից, որը ուսանողների փափուկ հմտությունների զարգացման ուղղությամբ ղեկավարների կատարած  լրացուցիչ աշխատանքի դրսեւորում է:

Ինչպես նշեցին Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների դեկանները, թե՛ դիպլոմային աշխատանքների, եւ թե՛ հատկապես  մագիստրոսական թեզերի որակական փոփոխությունները նկատել ու արձանագրել են նաեւ  հանձնաժողովի անդամ գործատուները, որոնք մեր շրջանավարտներից շատերին դիտարկում են որպես ապագա գործընկերներ, իսկ մի քանիսին արդեն աշխատանքի առաջարկ են արել:

«Մրցունակ մասնագետներ թողարկելը մեր բոլոր ջանքերի վերջնանպատակն է»,- ասաց ՀԱԱՀ ռեկտորը՝ հավելելով, որ տարեցատարի պետք է բարձրացնել որակի նշաձողը,- իսկ այն ուսանողները, որոնք չեն կարող սահմանված չափորոշիչներին համազոր որակ ապահովել, պարզապես չեն կարող լինել Ագրարայինի շրջանավարտ»:

Ռեկտորն ուշադրություն հրավիրեց նաեւ ուսանողների՝ արհեստական բանականության գործիքներից օգտվելու հնարավորությունների վրա եւ առաջարկեց վերանայել ավարտաճառերի թեմաները՝ ընտրելով այնպիսի առանձնահատուկ, տեղական նշանակության թեմաներ, որոնց մասին արհեստական բանականությունը դեռ տվյալներ չունի, օրինակ՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կամ Սիսիանի  խելացի անասնաֆերմայի մասին: Պրոռեկոտոր Գագիկ Թովմասյանն էլ, որը ներկա է եղել բոլոր կուրսերի ավարտաճառերի պաշտպանություներին, առաջարկեց  թե՛ ավարատաճառերի, թե՛ ինքնուրույն եւ կուրսային աշխատանքների շրջանակներում միջֆակուլտետային համագործակցություն իրականացնել, որն աշխատանքները կդարձնի ավելի ընդգրկուն ու արժեքավոր:

Օրակարգի վերջին հարցի մասին զեկուցեց ՀԱԱՀ ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը՝ ներկայացնելով գալիք ուսումնական տարվա ուսումնական ծանրաբեռնվածության ելակետային տվյալները, դրանց հիման վրա ձեւավորված հաստիքների մասին նախնական տեղեկությունները:

Ռեկտորատը քննարկեց այլ ընթացիկ հարցեր եւս, մասնավորապես՝ բուհի հաստատութենական հավատարմագրման ընթացքը: ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կենտրոնի մասնագետները հանդիպումներ կունենան ՀԱԱՀ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ ինքնավերլուծությունների նպատակով, կներդրվի նաեւ դասախոսների կամավոր ինքնագնահատման եւ խրախուսման համակարգ: Տիկին Դաշտոյանն առաջարկեց նաեւ մշակել եւ ներդնել ֆակուլտետների ռազմավարական ծրագեր՝ սահմանելով այն չափելի, իրատեսական նպատակներն ու արդյունքները, որոնք ֆակուլտետն ակնկալում է ստանալ սահմանված ժամկետներում: