Համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի, «Գինու ոլորտում դուալ մասնագիտական կրթական ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրի մշակում» նախագծի շրջանակում համալսարանի մասնագետները խորհրդատվական ծառայություն կմատուցեն նշված ոլորտում: Նախագիծն իրականացվելու է մինչեւ 2021թ. հուլիսի վերջ՝ GIZ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Նախագծի նպատակն է մշակել դուալ ՄԿՈՒ երկարաժամկետ կրթական ծրագիր, որը ուսումնական պլանի, մոդուլների կառուցվածքի և քննության գործընթացի առումով հիմնված լինի պետական չափորոշիչների, մեր համալսարանում արդեն լավագույն արդյունքներ ապահոված գերմանական փորձի, ինչպես նաև գինու ոլորտի մասնավոր ընկերությունների առկա կարիքների վրա:
«Նախագծված դուալ ՄԿՈՒ ծրագիրը կնպաստի ՀԱԱՀ քոլեջի, 6 մասնավոր գինեգործական ընկերությունների եւ ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործարանի միջեւ համագործակցության հաստատմանը, գինու ոլորտում ՄԿՈՒ ուսանողների հմտությունների ճանաչմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կնպաստի նրանց աշխատանքի տեղավորման հնարավորություններին, ինչպես նաև գինու ոլորտի ՄԿՈՒ դասախոսների և գործնական դասընթացները վարողների կարողությունների զարգացմանը», – ասում է նախագծի պատասխանատու Տիգրան Հախնազարյանը:
ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական կենտրոնն իր խաղողի այգիով, գինեգործարանով եւ Գինու ուսումնագիտական կենտրոնով ծառայելու է Քոլեջի գինեգործական մասնագիտության սովորողներին դուալ մասնագիտական կրթության գործնական կարիքների բավարարմանը: Ի-Վի-Էն գինու ակադեմիայի՝ համալսարանում գործող գինու ուսումնական լաբորատորիան եւ համտեսի սրահը նույնպես ի սպաս են դրվում ապագա գինեգործ քոլեջցիների կրթագործնական նպատակների իրականացմանը:
Մասնագիտության ուսումնական պլանի հիմնարար փոփոխությունը գործնական նշանակություն կունենա վերածննդի ժամանակաշրջան ապրող հայաստանյան գինեգործության ոլորտի կրթության ընդհանուր զարգացման գործում: Ագրարային համալսարանի եւ մեր հուսալի գործընկեր GIZ-ի հերթական ներդրումն, անկասկած, կգրանցի եւս մեկ հաջողություն: