Էրազմուս+ ծրագրի շրջանակում, 2025 թ. մայիսի 5-9-ը, Թրակիայի Դեմոկրիտոսի համալսարանում (Ալեքսանդրապոլիս, Հունաստան) տեղի ունեցավ «Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը» խորագրով միջազգային աշխատակազմի շաբաթը, որին մասնակցեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը։
Միջազգային շաբաթի բացումը ազդարարեցին Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը, համալսարանի Միջազգային կապերի բաժնի պետ Էլենի Մավրիդուն, եւ Հունաստանի Պիրեուսի համալսարանի Միջազգային կապերի բաժնի պետ Քրիստինա Կոնտոգուլիդուն:
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 80 պատվիրակներ ավելի քան տասը երկրներից, ներառյալ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ղազախստանը, Ալժիրը, Ռումինիան, Մարոկոն, Կամերունը եւ այլ պետություններ։ Միջազգային շաբաթն իր շուրջը համախմբել էր տարբեր կրթական համակարգերի ներկայացուցիչների՝ նպաստելով երկխոսությանը, փորձի փոխանակմանը եւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը։
Միջազգային շաբաթվա առաջին օրը բոլոր պատվիրակությունները ներկայացրին իրենց բուհերը։ Զարինե Պողոսյանը հանգամանալից ներկայացրեց ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտի իրականացրած աշխատանքները, միջազգային համագործակցության շրջանակում ունեցած հաջողությունները եւ արտահայտեց նոր գործընկերությունների ու համատեղ ծրագրերի մասնակցության՝ ՀԱԱՀ-ի պատրաստակամությունը։
Ներկայացվեց «Միջազգային շարժունությունը որպես միջազգայնացման մեթոդ եւ Erasmus+ CBHE» թեման, որը վերաբերում էր միջազգային ակադեմիական եւ մասնագիտական փոխանակումների ռազմավարական օգտագործմանը։ Erasmus+ CBHE ծրագիրը ԵՄ Erasmus+ նախաձեռնության մի մասն է, որը նախատեսված է գործընկեր երկրներում (հիմնականում ԵՄ-ից դուրս) բուհերի արդիականացմանն ու բարեփոխումներին աջակցելու համար։ Ծրագրի հիմնական առանձնահատկությունը գործընկերություն է՝ ԵՄ երկրների եւ ոչ ԵՄ երկրների բուհերի միջեւ։ Այն մասնավորպես կենտրոնանում է կարողությունների զարգացման վրա՝ ուսումնական ծրագրերի մշակման, կառավարման բարեփոխումների կամ անձնակազմի զարգացման միջոցով, խթանում է շարժունությանը՝ որպես գիտելիքների փոխանակման եւ հաստատութենական կարողությունների զարգացման միջոց։
Արծարծվեց նաեւ «Սոցիալական ներառման խթանում KEAN-ի եւ Հունաստանի բազմազանության խարտիայի միջոցով» թեման։ Սոցիալական ներառումը ենթադրում է, որ բոլոր անհատները՝ անկախ իրենց ծագումից, ինքնությունից կամ կարողություններից, պետք է կարողանան լիարժեք մասնակցել տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքին: Հունաստանում այս առաքելությունը խթանող երկու հիմնական դերակատարներն են KEAN-ը (Այլընտրանքային երիտասարդական գործունեության բջիջ) եւ Հունաստանի բազմազանության խարտիան:
Առանձնապես հետաքրքիր քննարկում սկսվեց «Միջազգայնացման խթանում՝ միկրոուսուցման եւ միկրոորակավորումների միջոցով» թեմայի շուրջ։ Կրթության մեջ միջազգայնացումը վերաբերում է միջազգային, միջմշակութային եւ գլոբալ չափումների ինտեգրմանը կրթության նպատակի, գործառույթների եւ իրականացման մեջ: Քանի որ հաստատությունները փնտրում են ուսումնական ծրագրերը միջազգայնացնելու եւ համաշխարհային լսարանին հասնելու նոր եղանակներ, միկրոուսուցումը եւ միկրոորակավորումները խոստումնալից ուղիներ են առաջարկում: MOTIVATE (Մոդուլային բաց ուսուցում միջազգայնացման համար կրթական տեխնոլոգիաների միջոցով) նախագիծը այս նպատակի օրինակն է: Այն կենտրոնանում է փոքր, կենտրոնացված ուսումնական մոդուլների մշակման վրա, որոնք մատչելի են, հասկանալի եւ մշակութային առումով հարմարվողական ու հավաստագրված են միկրոորակավորումների միջոցով: Հետաքրքիր էր նաեւ «Նոր միջազգային գործընկերների զարգացման մարտահրավերները» թեման։ Հիմնական մարտահրավերներն են մշակութային տարբերությունները, իրավական եւ կարգավորող խոչընդոտները, քաղաքական եւ տնտեսական անկայունությունը, տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային բացերը, լեզվական խոչընդոտները եւ այլն։ Առաջարկվեցին եւ քննարկվեցին խոչընդոտների լուծման ճանապարհները։
Միջոցառումն ուղեկցվեց նաեւ սոցիալական եւ մշակութային բաղադրիչներով, որոնք կարեւոր դեր խաղացին միջմշակութային կապերի ձեւավորման գործում։ Մասնակիցներն ունեցան նաեւ մշակութային այցելություններ եւ մասնակցեցին համատեղ միջոցառումների։
Աշխատակազմի շաբաթը եզակի հնարավորություն էր ոչ միայն մասնագիտական գիտելիքների եւ փորձի հարստացման, այլեւ միջազգային կրթական համակարգի ներկա մարտահրավերներն ու հնարավորությունները համատեղ քննարկելու առումով։ Այն նպաստեց նոր գաղափարների ձեւավորմանը, համագործակցության ուղիների նախանշմանը եւ մասնակիցների միջեւ վստահության ու գործընկերության ամրապնդմանը։