Միջազգային գործընկերություն. ՀԱԱՀ-ում կայացավ «Գիտությունը սպառողի առողջության համար» գիտական հանդիպումը

Երեկ՝ մարտի 23-ին, «Բի-օն» կենսատեխնոլոգիական լաբորատորիայում ՀԱԱՀ «Սպառողի օգնական» ֆեյսբուքյան խմբի անդամների եւ ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի սննդամթերքի անվտանգության եւ կենսատեխնոլոգիաների, եւ Կենդանական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժինների վարիչ, կ․ գ․ դ․, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանի  նախաձեռնությամբ, հյուրընկալել էինք առաջատար հետազոտությունների «21AG-4D065» գիտական նախագծի համագործակից՝ Նյու Ջերսիի պետական Ռուտգերս համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Լեոնիդաս Չիկինդասին։ Հանդիպմանը մասնակցում էր գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։

Մեր հյուրը հենց սկզբից «խոստովանեց», որ Երեւանը իր համար սիրելի քաղաք է, քանզի իր Alma mater-ը ԵՊՀ-ն է, որտեղ ուսանել է անցյալ դարի 80-ականներին: Խիստ-զուտ գիտական-մասնագիտական լսարան էր հավաքվել, որի հետ պրոֆեսոր Չիկինդասը նախանձախնդրորեն քննարկեց ֆունկցիոնալ սննդի զարգացման արդի գիտական ուղղությունները, միկրոբիոտա – առողջություն – սնունդ կապը, սննդային հավելումների եւ պոստբիոտիկների ազդեցությունը օրգանիզմի վրա: Բանախոսը մասնավորապես կանգ առավ իմունային համակարգի եւ պրոբիոտիկ բակտերիաների բջջային բաղադրիչների փոխազդեցության, գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների քաշաճի վրա կերային հավելումների եւ պոստբիոտիկների ազդեցության, սննդի, կերի, առողջության, տարբեր արտադրատեսակների պահունակության (ուստիեւ տվյալ արդյունաբերության վրա հսկայական ազդեցության) վրա պոստբիոտիկների բարերար ազդեցության եւ այլ առանցքային հարցերի վրա։ Որպես առաջարկություն ներկայացրեց պրոբիոտիկների ածանցյալների վերաբերյալ դոկտ․ Լ․ Սիչելի սահմանումները, որոնք ապագայում կարող են օգտագործվել կենսաթերապիայի ոլորտում, ինչպես նաեւ ներկայացրեց առողջության տեսակետից պրոբիոտիկների եւ պոստբիոտիկների օգտագործման թեր եւ դեմ կողմերը։

Պրոֆ․ Չիկիտասը կարծիք հայտնեց, որ Հայաստանում պրոբիոտիկների գիտահետազոտական ոլորտը զարգանում է դանդաղ, բայց հաստատուն տեմպերով՝ կենտրոնանալով կաթնամթերքի արտադրության եւ դեղագործական արդյունաբերության մեջ բարձրորակ պրոբիոտիկ հավելումների կիրառման վրա։

Գլխավոր բանախոսից զատ, հարակից զեկուցումով հանդես եկավ Դավիթ Մարտիրոսյանը (Կլերմոն-Ֆերանի պոլիտեխնիկական համալսարան, Ֆրանսիա), որը ներկայացրեց յոգուրտի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին դիտարկումները՝ հիմնվելով մասնավորապես Հայաստանում անցկացրած իր ուսումնասիրությունների վրա: Երիտասարդ գիտնականը առաջ քաշեց այն վարկածը, որ ոչ ավանդական լակտոբացիլի շտամները կարող են բարելավել ավանդական խմորիչ կուլտուրաները։

Քննարկումն ավարտվեց առողջարար սննդի Pepoyums շարքի համադամ անույշեղենի համտեսով՝ պատրաստված նաեւ գիտահետազոտական աշխատանքների միջոցով ստացված «առողջարար» շտամների կիրառմամբ։ Մասնագետները շատ կարեւոր հարցեր վերհանեցին, որոնք հատուկենտ ոչ գիտակների համար բարդ ու անհասկանալի էին: Սակայն մասնակիցները կենտրոնից հեռացան մի կարեւոր համոզմունքով․ մեր՝ յուրաքանչյուրիս բաժին 1-1,5 կգ աղիքային բակտերիաները լավ պիտի պահենք՝ խնամքով-հոգածությամբ, «գորովանքով», հավասարակշռության խախտումները հաղթահարելով հիմնականում պրո-պոստ-բիոտիկների օգնությամբ՝ խուսափելով օրգանիզմների համար տարբեր ծանր հետեւանքներից։ Առողջ լինենք։