Նոյեմբերի 5-ին մեր բուհում մեկնարկեց «Գլոբալ վերափոխումների խնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական վայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով: Հյուրընկալել էինք ՌԴ եւ Վրաստանի մեր գործընկերներին: Արդեն երրորդ անգամ Ագրարայինը այս հեղինակավոր, պատկառելի նախաձեռնության հանդիպման վայրն է դառնում: Պատկառելի, որովհետեւ ներկայացված են խոշոր գիտակրթական կենտրոններ՝ ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական, Հարավային դաշնային, Հյուսիս-Օսեթական պետական, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանները: Եւ սա դեռ ողջ թվարկումը չէ: Վրաստանից ժամանել էին Բույսերի կենսաբանական պաշտպանության կենտրոնի եւ Թելավիի պետական համալսարանի մասնագետները:
Ներկաներին ողջունեցին եւ բեղուն աշխատանք մաղթեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր Մարինա Բորովսկայան, «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, բույսերի կենսաբանական պաշտպանության «Բիոագրո» կենտրոնի տնօրեն Կառլո Կիկորիան:
Ելույթ ունեցողները համակարծիք էին՝ ֆիզիկական (աշխարհագրորեն) եւ հոգեկան ակնհայտ մոտ աղերսներ ունեցող երկրների բուհերը, մտավորականները խնդիրները միահամուռ դիտարկելու եւ անսխալ լուծումներ գտնելու հնարավորություն ունեն, եւ այդ զորեղ ներուժը թերի օգտագործելը, մեղմ ասած, շռայլություն է բոլորի համար:
Այսօր աշխարհը, առավել քան երբեւէ, կոնֆլիկտ՝ հակասություն ունի համընդհանուրի եւ անհատականության, բարձրի եւ պարզունակի միջեւ եւ շատ կարեւոր է, որ բարձրն ու եզակիությունը չստորադասվեն…
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն շաբաթ եւ կիրակի օրերին: