Մեթոդխորհրդի նիստ․ անչափ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում ավարտաճառերի թեմաների մասին

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մեթոդխորհրդի նիստը շատ հետաքրքիր էր՝ բարձրացված հարցերի նախանձախնդիր քննարկումով, անսխալ տարբերակները գտնել-ամրակայելու ձգտումով:

Նիստում նախ մանրակրկիտ-բծախնդրորեն քննարկեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Ապա հաստատեցին: Ամբիոններում թեմաների ցանկը կազմելիս հաշվի են առել սովորողների նախասիրությունները, առաջնահերթությունները եւ դիտարկել են նրանց հետ համատեղ: Բոլոր թեմաները հստակ են, առանձնացված խնդիրներով, որոնց լուծմանը պետք է լծվեն ավարտողները: Վերացական, ոչ թանձրացական, «համընդգրկուն» եւ դրանով իսկ անիրագործելի թեմաներ չկան:

Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը ներկայացրեց իր եւ հեղինակային խմբի (Գեղամ Նավոյան, Սամվել Թամոյան, Արգիշտի Եղիազարյան) ջանքերով ստեղծված գիրքը՝ «Հողի ֆիզիկա եւ ոռոգման՝ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ», որը վերջին երեք տարվա համատեղ հետազոտությունների ամփոփումն է: Հողի ֆիզիկան նորույթ է, բայց շատ կարեւոր, ուստի ամբիոնում մտորում են ՄԿԾ-ի մեջ ներառել նաեւ այդ գիտակարգը:

Ինչեւէ, հետաքրքիր աշխատանքի վկան եղանք՝ արագ, առանց ժամանակավաճառության, բայց շատ արդյունավետ եւ արդյունաշատ։