ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցության մասնագետ Նազելի Ավագյանը, Լոռու մարզկենտրոնի բուհերի ուսանողների համար վերջերս իրականացրեց «Թվային միջավայրում պաշտպանված եւ մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող ուսանողների համար» ծրագիրը:
Ծրագիրը մեկնարկեց տեսական նյութերով եւ գործնական առաջադրանքներով հագեցած կարճատեւ դասընթացով, որին մասնակցեց նաև Վանաձորի մասնաճյուղի ավելի քան 25 ուսանող։ Այնուհետեւ Վանաձորի բուհերում անցկացվեց «Մենք եւ մեդիան. թվային անվտանգ միջավայր» խորագրով շարադրությունների եւ գեղարվեստական նկարների մրցույթը, որին էլ, որպես ծրագրի գեղեցիկ ամփոփում, հարջորդեց «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջբուհական խաղ-մրցույթը (բրեյն-ռինգ)՝ առանձնանալով ուսուցողական, շահադրդող ուղղվածությամբ և մրցույթի առողջ մրցակցությունը գեղարվեստորեն մատուցելու հմտությամբ: Այս ընթացքում ուսանողների մասնակցությամբ նկարահանվել էր նաեւ ուսուցողական-սոցիալական տեսահոլովակ մեդիագրագիտության եւ կիբերանվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ, որը կարող եք դիտել այստեղ: Ի դեպ, հոլովակի հիմնական մասը նկարահանվել է Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբում:
Իրապես հրաշալի կազմակերպված «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջբուհական խաղ-մրցույթում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի թիմը զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորելով մեր ուսանողներին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ փաստենք, որ բացի թվային միջավայրում գիտելիքով պաշտպանված լինելու կարողությունների ձեռքբերումից, վանաձորյան բուհերի ուսանողներն ունեցան ոչ պակաս ձեռքբերումներ՝ համագործակցության, առողջ մրցակցության, ընկերական ցանցի ընդլայնման տեսքով:
Աննա Խառատյան
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կրթության որակի պատասխանատու