Մասնագիտական հմտություններ. Ակտիվ ուսումնառություն՝ գիտելիքով եւ սիրով շաղախված

Վարժարանի եւ քոլեջի հանրակրթական առարկաներ դասավանդողներն այսօր ի մի էին եկել ագրիթեք սրահում, որտեղ «Ակտիվ ուսումնառությանը նպաստող եւ խոչընդոտող կոշտ եւ փափուկ տեխնոլոգիաներ» թեմայով բանախոսություն ներկայացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ամբիոնի վարիչ, «ԳիտՍԵՐունդ» նախագծի գլխավոր հետազոտող Արթուր Խալաթյանը:

Հյուրին ներկայացրեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Նա պատմեց ATF` «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության մասին, որը համախմբել է Ագրարային, Ամերիկյան, Սլավոնական, Ֆրանսիական եւ Երեւանի պետական համալսարանների գիտակրթական ներուժը: Հիմնական նպատակը բարձրտեխնոլոգիական եւ գիտակրթական կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցությունն է՝ առաջնորդվելով պետական շահի պաշտպանության սկզբունքով։ Շրջափոխման սկզբունքով այս համալսարանների ռեկտորները համակարգում են աշխատանքները: Այս պահին այդ առաքելությունն իրականացնում է  ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Պարոն Խալաթյանը հանգամանորեն ներկայացրեց gitserund.am հարթակը, որի ռեսուրսները՝ նյութերը-պարունակությունը, ստեղծել են բացառապես ուսուցիչները: Սակայն սա կարծրացած համակարգ չէ, այլ գործուն, ստեղծագործող միավոր, որտեղ հաշվի են առնում յուրաքանչյուրի փորձը-հմտությունները-կարծիքը: Առայժմ այն բովանդակում է միայն բնագիտական գիտությունների համար պաշարներ: Տեսանելի ապագայում կհամալրվի անգլերենի ենթաբաժինը: Ավելի ուշ, հուսանք, տեղ կգտնեն նաեւ հայոց լեզուն ու հասարակագիտական առարկաները:

Քննարկմանը ներկա մանկավարժները մեծ խանդավառությամբ դարձան հարթակի բաժանորդներ: