Մասնագիտական կրթական ծրագրերի մշակումը բարդ եւ աշխատատար աշխատանք է

Եւ հատկապես տեխնոլոգիական ֆակուլտետի երեք ուղղությամբ աշխատող թիմերը այս գործը անում են մեծ պատասխանատվությամբ, նվիրումով: Անգամ սիրով: Որովհետեւ համոզված են, որ միջամբիոնային, միջֆակուլտետային արդյունավետ համագործակցությունից, մասնագիտական բարձր հատկանիշներից զատ եւ դրանց հավասար կարեւոր է նաեւ մարդկային գործոնը:

Այսօր՝ հունվարի 20-ին ֆակուլտետի մասնագիտական խմբերը (աշխատանքները համակարգում-ղեկավարում է դոցենտ Աննա Դաշտոյանը), դեկանի պարտականություների կատարող, դոցենտ Սմբատ Դավեյանի, բարձրագույն մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանի, անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի հետ միասին քննարկման էին հրավիրել որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանին:

«ՈԳԱ կենտրոնի հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է: Պարբերաբար հանդիպում-քննարկումներ ենք կազմակերպում: ՄԿԾ-երի մշակումը բարդ եւ աշխատատար աշխատանք է: Լուծման կարոտ խնդիրներ, հարցեր են ծագում: Աշխատանքները ավելի կազմակերպված ու թիրախային դարձնելու հարցում այսօր մեզ դարձյալ կօգնի տիկին Զաքարյանը»,- ասաց դեկանը:

ՈԳԱԿ տնօրեն Լիլիթ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց տեխնոլոգիական ֆակուլտետի թիմին՝ միասնական, նպատակասլաց աշխատանքի համար. «Միջազգային համագործակցության, ուսանողների շարժունության տեսակետից նրանք շատ կարեւոր երկու գործ են արել՝ ինքնավերլուծություն եւ ՄԿ ծրագրերի կազմում: Հաստատութենական հավատարմագրումից հետո առջեւում ծրագրային հավատարմագրումն է՝ խիստ պատասխանատու մի փուլ, որին բոլորս պետք է պատրաստ լինենք»,- նկատեց տիկին Զաքարյանը:

Հետո ներկաներն անցան իրենց աշխատանքի թույլ եւ ուժեղ կողմերի, հնարավորությունների եւ սպառնալիքների վերլուծությանը: Լսարանը ակնթարթորեն աշխատանքային-աղմկոտ դարձավ: