Հունիսի 19-ին Պարենամթերքի տեխնոլոգիա կրթական ծրագրի մագիստորսական թեզերի պաշտպանությունն էր։ Վերջին տարիների անխախտ ավանդույթի համաձայն, մագիստրանտները ներկայացել էին սեփական արտադրանքով՝ համեղ, տարբերվող եւ անշուշտ՝ նորարարական։ Պատահական չէ, որ հանձնաժողովը եւ մասնավորապես նախագահ Սանդրո Աբովյանը, ինչպես նաեւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը նկատեցին եւ բարձր գնահատեցին մագիստարտների եւ նրանց ղեկավարների կատարած աշխատանքը։ Կաթնային կոկտեյլ, կաթնաշոռ, կապույտ բորբոսով պանիր, մանկական նրբերշիկ, մսային պաշտետ հազրեվարդի յուղով եւ մի շարք այլ ապրանքատեսակներ․ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Մարինա Կարախանյանը անթաքույց գոհունակությամբ է ընդունում ոչ միայն եւ ոչ այնքան թեմաների հրատապությունն ու բազմազանությունը, որքան ուսանողների առաջարկած նորարարական մոտեցումները։ «Բառացիորեն բոլոր աշխատանքները ինչ-որ նորություն եւ հետազոտական բաղադրիչ են բովանդակում, եւ ուսանողների մշակած բոլոր նոր ապրանքատեսակները գրեթե պատրաստ են այսօր իսկ արտադրություն մտնելու», – ասում է դոցենտ Կարախանյանը։ Նոր ապրանքատեսակները ստեղծվել եմ կամ բուն արտադրությունում՝ գործընկեր ընկերությունների արտադրամասերում կամ հենց ՀԱԱՀ-ի մսամթերքի տեխնոլոգիական լաբորատորիաներում։ Հանձնաժողովի բոլոր անդամները եւ բոլոր ղեկավարները ասելիք ունեին եւ արտահայտվեցին՝ իրենց գոհունակությունը, խորհուրդը եւ բարեմաղթանքներն ուղղելով նորաթուխ մագիստրոսներին՝ արդեն իրենց լիիրավ գործընկերներին, որոնց 80 տոկոսը, ի դեպ, գերազանց գնահատականի արժանացավ։ Խոսեց, շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց նաեւ «Ալաշկերտ գրուպ» պանրագործարանի համահիմնադիր Ասատուր Հարությունյանը՝ որպես հյուր, ոլորտի հայտնի փորձագետ, գործատու եւ ամենակարեւորը՝ ծնող, որի զավակը նույնպես փայլուն պաշտպանեց մագիստրոսական թեզը։ «Ալաշկերտ գրուպի» ղեկավաը շրջանավարտներին հավաստիացրեց, որ ընկերության դռները բաց են նրանց համար։ Մագիստրոսների այս խմբում տղաներից շատերը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են․ հայրենիքի փրկության համար պատմական փորձությունների մեջ իրենց բազկի ուժը ցույց տված երիտասարդներն այսօր պատրաստ են իրենց պայծառ մտքի լույսն ու մասնագետի իրենց վարպետությունը ծառայեցնել երկրի տնտեսական շահերին։

- 20/06/2025
- 2025