Մագիստրոսական ավարտաճառեր. ապագայում էլ ենք լավ գինիներ խմելու

Արդեն 6000 տարուց ավելի մեր բնօրրանում արարում ենք լավագույն գինիներ, եւ մեր քիմքը այլեւս չի կարող հարմարվել-ընդունել վատը: Սնամեջ մտքով եւ հոգով մարդը չի կարող գինեգործ դառնալ: Սա երաժշտության, գեղանկարչության, պոեզիայի նման ստեղծագործ վերելքի, ոգու թռիչքի ասպարեզ է: Թույլ թեւերով բարձրություն չես նվաճի: Իսկ թռիչքի թեւերը տալիս է միայն Ագրարայինը…

Այսօր՝ հունիսի 21-ին, մագիստրոսական թեզերն էին պաշտպանում (հանձնաժողովի նախագահ՝ Ծերուն Վիրաբյան, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ գործադիր տնօրեն) երիտասարդ մարդիկ, որոնք դեռ բակալավրական կրթության առաջին կուրսում առանձնանում էին ուշիմությամբ, նպատակասլաց աշխատասիրությամբ, ընտրած մասնագիտության հանդեպ անափ սիրով-նվիրումով: Ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «Ճուտը ձվից երեւում է»: Եւ հիմա բարձրակարգ մասնագետ լինելուց կես րոպե առաջ պետք է արձանագրենք, որ իսկապես լավագույններն էին եկել այս հանգրվանին ու համոզված ենք, որ մի քանիսը նաեւ գիտական աստիճանի հայցման դժվարին-պատվաբեր ճանապարհն էլ կհաղթահարի:

Իսկ մեզ, սովորական՝ «երեսառած» սպառողներիս, հայոց հոգեպարար խմիչքի արժեքը հասկացողներիս մեկ անգամ եւս ավետենք՝ գինեգործների այս նոր սերունդն էլ հրաշալի ներուժ ունի: Անույշ լինի…