Այսօր՝ հուլիսի 4 – ին, թեզերն էին պաշտպանում ՙՃշգրիտ գյուղատնտեսություն՚ մագիստրոսական ծրագրի երրորդ սերնդի ներկայացուցիչները: Ասել, թե թեմաները հետաքրքիր էին, առաջարկվող լուծումները՝ ժամանակակից, կնշանակի բնութագրել մեղմ ու անգույն: Մինչդեռ պատկերը շատ տպավորիչ էր, եւ այդ մասին պարբերաբար գոհունակությամբ նշում էին հանձնաժողովի անդամները, որոնք թեզերի հեղինակների հետ գործնական կիրառական հարցեր էին քննարկում՝ երկար-եռանդով:
Սեւանա լիճ, Վեդիի ջրամբար, հեղեղներ (որոնց ավերիչ ուժի հետ բախվեց մեր երկիրը բոլորովին վերջերս), Արարատյան դաշտավայրի խնդիրներ: Բոլորն էլ արդիական են, անհապաղ լուծումներ պահանջող: Իսկ երիտասարդները, որոնք, ի դեպ, բոլորն էլ աշխատում են, մտմտում են հեռահար զոնդավորման եւ ԱՏՀ-ների ու ԱԹՍ-ների կիրառման, արհեստական բանականության միջոցով գյուղատնտեսական խորհրդատվության սփռման (երիտասարդը արդեն ստեղծել է վեբ-կայքը, նա նաեւ ռոբոտաշինություն է դասավանդում) եւ կաթիլային ոռոգման հնարավորությունները լայնորեն օգտագործելու հեռանկարների մասին:
Հանձնաժողովի նախագահ, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ջրային համակարգերի հիդրոտեխնիկայի եւ հիդրոէներգետիկայի ամբիոնի պրոֆեսոր, կ.գ.դ. Սամվել Սահակյանն ամփոփելով նիստը նկատեց.
-Հիացած եմ: Շատ հետաքրքիր էին եւ հեռանկարային գիտական աշխատանքներ են կատարել: Նորարարություն էլ կար եւ թեզերը ներկայացնում էին վստահաբար, ցուցադրական նյութերի ուղեկցությամբ:
Ջրային եւ հողային պաշարների կառավարման ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանն էլ հորդորում էր սաներին.
-Պաշտպանությունից հետո չթողնեք՝ գնաք: Ոտքներդ ամբիոնին կապած պահեք:
Բոլոր վեց՝ արդեն մագիստրոսների աշխատանքները գնահատվեցին գերազանց: