Հրավիրյալ դասախոսություն «Պարենամթերքի տեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում

«Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի «Բուժկանխարգելիչ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիա» առարկայի շրջանակում անցկացվեց հրավիրյալ դասախոսություն՝ «Պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ․ կիրառման նշանակությունը մարդու օրգանիզմում» թեմայով։ Դասախոսությունը վարեց կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի
Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Արեւիկ Իսրայելյանը։

Դասախոսության ընթացքում մանրամասն ներկայացվեցին պրոբիոտիկների եւ պրեբիոտիկների գիտական հիմնավորումները, դրանց կենսաբանական դերակատարությունը մարդու օրգանիզմում, աղիքային միկրոֆլորայի հավասարակշռության պահպանման գործում ունեցած նշանակությունը, ինչպես նաեւ իմունային համակարգի, նյութափոխանակության եւ մարսողական գործընթացների վրա դրանց դրական ազդեցությունը։

Բանախոսը առանձնակի ուշադրություն հրավիրեց պրոբիոտիկ միկրոօրգանիզմների ընտրության, բնութագրման եւ կենսատեխնոլոգիական ստացման ժամանակակից մեթոդների, ինչպես նաեւ ֆունկցիոնալ եւ բուժկանխարգելիչ սննդամթերքի արտադրությունում պրեբիոտիկ բաղադրիչների կիրառման հնարավորությունների վրա։

Դասախոսությունը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, հարցուպատասխանով եւ մասնագիտական կարծիքների փոխանակմամբ, որն ուղղված էր մագիստրանտների քննադատական մտածողության զարգացմանը եւ տեսական գիտելիքների գործնական կիրառման հմտությունների ձեւավորմանը։

Անասնապահական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինա Կարախանյանը հրավիրյալ դասախոսությունը կարեւոր է համարում «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության մագիստրոսական ծրագրի ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտների փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։