hraparak.am վերնագրով «լրատվական» կայքը հերթական պատվերի շրջանակում, նոյեմբերի 22-ի հրապարակմամբ հերթական անգամ կեղծիք ու զրպարտություն է տարածում (Ընտրական քաոս Ագրարայինում – Հրապարակ (hraparak.am): hraparak.am-ը առանց աչք թարթելու, իր աշխատաոճին չդավաճանելով, հերթական անգամ ստում է՝ նշելով, թե «Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից պաշտոնապես տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին․․․», թե հոգաբարձուների խորհրդի քարտուղարը «համառորեն» հրաժարվել է պատասխանել իրենց հարցերին եւ թե ռեկտորն ու աշխատակազմը «ընդհատակ են անցել»։
Փաստորեն, ընդհատակ բառն էլ գիտեն․․․ «Հերոսական» ջանքերի կարիքը չկար․ անհրաժեշտ էր զանգել, օրինակ, Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին եւ կես րոպեում իմանալ, թե քանի հոգի են առաջադրվել եւ՝ ով(քեր): Եվ այնուամենայնիվ՝ «Բուհից մեզ ասացին, որ․․․»․ ուրեմն, մի արթուն պահապան գտել են, որ «ընդհատակում» չէր, եթե իհարկե հերթական անգամ չեն ստում։
Հրապարակումն, ըստ էության, հիմարությունների, ապատեղեկատվության, զրպարտության ու պատատակի գեղցիական բամբասանքի հերթական շարան է՝ այս «լրատվամիջոցի» ճաշակով։ Սրանց միջոցով Ագրարային համալսարանին վարկաբեկելու հուսահատ ճիգեր անող պատվիրատուների հետ արժանապատվության, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի եւ նման բաների մասին այլեւս չենք խոսի․ նախկինում անկեղծորեն փորձել ենք՝ չափազանց թույլիկ ուսեր ունեն նման «ծանր» բեռների համար։ Բայց նաեւ եզրակացություն անելու հարցում ընդունակ չեն գտնվել․ այս հարցում էլ մեր անկեղծ օգնությունը չեն ընդունել, այլ ապավինել են համալսարանի իրենց՝ չեղած կամ վաղուց ցամաքած «աղբյուրին»։
Եվ ահա բարոյականության այս չքավորները համարձակվում են գրել․ «․․․իրականում ռեկտորի պաշտոնի թեկնածու չի առաջադրվել, երեկ հետին ամսաթվով ներկայացվել են ․․․ Զաքոյանի փաստաթղթերը»։ Փաստորեն համալսարանի աշխատակցին մեղադրում են կեղծիք թույլ տալու մեջ։ Այ սա արդեն ստիպված են լինելու ապացուցել դատարանում․ համալսարանի իրավաբանական բաժինը նյութեր է պատրաստում «Հրապարակ»-ին դատի տալու համար։ Դատարանը «կօգնի» իրենց տերերին սրբորեն, բայց ոչ այնքան նրբորեն ծառայող «լրատվամիջոցին» ու իր հովանավոր-ջոջակազմին։
- 25/11/2023
- 2023