ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կազմակերպած առցանց աշխատաժողովն օրերս ամփոփեց Հայաստանում գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների նախագծի (ԱԳՐԻՍ) վերջնական արդյունքները։ Աշխատաժողովը վարում էր ICARE հիմնադրամի հետազոտական խմբի եւ Հայաստանում ԱԳՐԻՍ նախագծի ղեկավար Լուսինե Թադեւոսյանը:
Երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքի գլխավոր ձեռքբերումը գյուղատնտեսական վիճակագրության նոր մշակույթի ձեւավորումն է: Սա հնարավոր դարձավ Հայաստանում առաջին Գյուղատնտեսական համատարած հաշվառումից (ԳՀՀ, 2014 թ.) հետո ոլորտում ստեղծված էականորեն նոր իրավիճակում ընտրանքային հետազոտությունների իրականացման լավագույն մեթոդաբանությունը կիրառելու շնորհիվ: Դա ԱԳՐԻՍ-ի մեթոդաբանությունն էր, որը փորձարկվեց-հիմնավորվեց ՊԳԿ-ի, ՀՀ Վիճակագրական կոմիտեի եւ ICARE հիմնադրամի մասնագետ-պատասխանատուներից բաղկացած թիմի գերազանց աշխատանքով:
Աշխատաժողովի նպատակը ԱԳՐԻՍ-ի՝ հայաստանյան համատեքստում ստեղծված մեթոդաբանության ու գործիքների հանրայնացումը եւ Հայաստանի 4 «պիլոտային» մարզերում (Շիրակ, Տավուշ, Կոտայք, Արմավիր) 2020 թ. ընթացքում փորձարկման գործնական արդյունքների մասին հաշվետվություններն էին:
Աշխատաժողովին մասնակցում էին ՊԳԿ-ի եվրոպական եւ հայաստանյան գրասենյակների պատասխանատուներ, Վիճկոմի գլխամասային եւ մարզային կառույցների, Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ շահակից այլ կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: ՊԳԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանը եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատեցին որպես Հայաստանում գյուղատնտեսական վիճակագրության ոլորտի զարգացման ճանապարհին կարեւոր հանգրվան:
ՊԳԿ Հռոմի կենտրոնական գրասենյակի վիճակագիր, ծրագրի համադրող Նելի Գեորգիեւա-Միհայլովան հանդես եկավ ներածական խոսքով եւ ծրագրի մեթոդաբանության ներկայացմամբ: ԱԳՐԻՍ-ի կազմակերպչական աշխատանքները ներկայացրեցին ՊԳԿ խորհրդատու Արմեն Ասատրյանը, ՀՀ Վիճակագրական կոմիտեի Գյուղատնտեսության եւ պարենային ապահովության բաժնի պետ Արսեն Ավագյանը եւ Վիճկոմի՝ նախագծի մեջ ընդգրկված 4 մարզային գրասենյակների ղեկավարները: Նախագծի հիմնական արդյունքները ներկայացրեց ICARE հիմնադրամի փորձագետ Ավետ Մնացականյանը: Հետազոտության փաստաթղթավորման եւ առցանց կատալոգավորման թեմայով զեկուցում ներկայացրեց ՊԳԿ փորձագետ Մարի Վանդեր Դոնկտը: Արմեն Ասատրյանը ներկայացրեց նախագծի իրականացումից քաղված դասերն ու առաջարկները, իսկ ՊԳԿ մեկ այլ խորհրդատու՝ Մարիանա Տժվետանովան հանդես եկավ «Գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների օգտագործումը առաջավոր տնտեսական վերլուծությունների եւ կայուն զարգացման նպատակների համար» զեկուցմամբ:
Նախագծի անմիջական շահակից-շահառուների՝ Վիճկոմի գյուղբաժնի վարիչի եւ 4 մարզային կառույցների ղեկավարների վերլուծական գնահատականից պարզ դարձավ, որ գյուղատնտեսական վիճակագրության տվյալների հավաքման, վերլուծության եւ տարածման ոլորտներում մեր վիճակագիրների կարողությունների զարգացման առումով նախագիծը լիովին արդարացրել է իրեն: 2020 թվականի ընթացքում չորս մարզերում գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական տվյալներ են հավաքվել՝ օգտագործելով թեʹ ԱԳՐԻՍ-ի ընդհանրական առանցքային մոդուլները եւ թեʹ հարցեր, որոնց միջոցով հավաքվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին առնչվող վերլուծությունների համար անհրաժեշտ ցուցանիշներ: Իրականացվել են վերապատրաստման եւ հրահանգավորման, ինչպես նաեւ ծրագրակազմերին, փաստաթղթավորմանը վերաբերող դասընթացներ, կազմվել են սկզբնական, եռամսյակային եւ տարեկան հարցաթերթեր եւ ձեռնարկներ։
Քաղված դասերից մեկն այն էր, որ ԱԳՐԻՍ նախագծում ընդգրկված գյուղացիական-ֆերմերային տնտեսությունները սովորություն չունեն ներտնտեսային հաշվառում իրականացնել եւ, թերեւս առաջին անգամ, առարկայական ձեւով հասկացան այդպիսի հաշվառման կարեւորությունը: Գործնական արդյունքներից մեկն էլ այն է, որ նախագիծը Վիճկոմի 4 մարզային կառույցների հաշվարարներին ապահովել է պլանշետներով, որոնց միջոցով կարողանում են համեմատաբար խելամիտ ժամանակ ծախսելով՝ լրացնել աննախադեպ ընդլայնված ու համապարփակ հարցաշարերը:
Դժվարություններ, անշուշտ, եղել են, բայց դրանք, ինչպես նշեց ՀՀ Գյուղատնտեսության համատարած հաշվառման երախտավոր եւ ԱԳՐԻՍ նախագիծը Հայաստան բերելու ջատագով Մայքլ Ստայները (ՊԳԿ կենտրոնական գրասենյակ)՝ «սարսափելի չեն» եւ միանգամայն հաղթահարելի են: Նախագծի մեկ այլ երախտավոր՝ Նելի Գեորգիեւա-Միհայլովան, գոհունակություն արտահայտելով կատարված թիմային մեծ աշխատանքի առթիվ եւ հաջող համագործակցության համար շնորհակալություն հայտնելով հայկական կողմին, նկատեց, որ թեպետ տվյալները աննախադեպ համապարփակ են, այսուհանդերձ լրացուցիչ տվյալների կարիք կա, մասնավորապես անտառաբուծության եւ ձկնաբուծության ոլորտների վերաբերյալ:
Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքը, Հայաստանում գյուղատնտեսական ինտեգրված հետազոտությունների նախագծի (ԱԳՐԻՍ) ղեկավար Լուսինե Թադեւոսյանը շնորհակալություն հայտնեց ՊԳԿ-ի եւ ՀՀ վիճկոմի պատասխանատուներին, մարզային կառույցների ղեկավարներին ու հաշվարարներին՝ արհեստավարժ աշխատանքի եւ հայաստանյան գյուղատնտեսական վիճակագրության հետագա զարգացման, մասնավորապես ընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար եվրոպական նոր գործիքակազմին տիրապետելու եւ սահուն կերպով նոր աշխատաոճի անցնելու կարողության համար: