Հյուրընկալեցինք Sida-ի, RECONOMY-ի եւ ՌԶԳ-ի գործընկերներին

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության (Sida)՝ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի ավագ խորհրդական Աննե-Շառլոտ Մալմը, Sida-ի՝ քաղաքականության գծով ավագ խորհրդական եւ Հայաստանում ներառական տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Էլին Կարլսոնը, HELVETAS Swiss Intercooperation RECONOMY ծրագրի տարածաշրջանային պատասխանատուներից Էլեն Տխլաշիձեն եւ Ալեքսանդր Գոգոբերիձեն այցելեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիա։ Նրանց ուղեկցում էին RECONOMY-ի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանը եւ Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի ներկայացուցիչները։

Հյուրերը հնարավորություն ունեցան հետեւելու շոկոլադի մի քանի տեսակների ստեղծման եւ հացի թխման գործընթացներին՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ դասընթացավար Գայանե Ապերյանի կատարմամբ, ինչպես նաեւ լսել Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանին, որը մանրամասներ ներկայացրեց ուսպլանով նախատեսված եւ արտաքին շահառուների համար իրականացվող դասընթացների, դրանց նկատմամբ չթուլացող հետաքրքրության մասին։ Տիկին Վարդանյանը, մասնավորապես, հաղորդակից դարձրեց աշխատաշուկայում իրենց տեղը գտած, վերաորակավորված կամ որակավորումը բարձրացրած, նաեւ սեփական գործ սկսելու հարցում հաջողած բազմաթիվ շահառուներից մի քանիսի պատմությունները։

Sida-ի եւ RECONOMY-ի գործընկերները գոհունակությամբ արձագանքեցին իրենց ֆինանսական աջակցությամբ անցյալ տարվա նոյեմբերին հիմնադրված՝ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիան գործի մեջ տեսնելու, մեկ տարվա ընթացքում արձանագրված տպավորիչ արդյունքներին ծանոթանալու այս հնարավորությանը։ Անշուշտ, համտեսեցին եւ հավանեցին իրենց աչքի առջեւ ուսանողների պատրաստած համեղ, սննդարար ու առողջարար հացն ու շոկոլադները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության (Sida) ծրագիր է, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ ՌԶԳ ՀԿ-ի հետ գործակցաբար։