Հյուրասրահ. նրանք ապահովում են լիարժեք կյանքով ապրելու բերկրանքը

Անասնաբուժական  բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի հրավերով քոլեջի ու բակալավրիատի ուսանողների հետ հանդիպման էին եկել HYBRID LABWRATORY ընկերության  հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, գործադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը, գլխավոր կենսաճարտարագետ Բագրատ Բաղդասարյանը, ապրանքատեսակների գծով կառավարիչ Էլյա Ջաղինյանը:

Անհատական իմպլանտների արտադրությամբ մասնագիտացած ընկերությունը հիմնվել է 2021 թվականին, երբ պատերազմից հետո ակնհայտ էր, որ մարմնի ոսկրային զանգվածի փոխարինման ոլորտում բացեր կան: Եւ շատ: Այսօր արդեն նրանք՝ բժիշկ-վիրաբույժների հետ համատեղ, իրականացրել են 100-ից ավելի վիրահատություն, որից 7-ը՝ բացառիկ, հեղինակային իրավունքի հավակնող: Աշխարհում համանման լաբորատորիաները ընդամենը տասն են:

Մոտ օրերս Հռոմում բժշկագիտական համաժողովին կներկայացվեն բացառիկ՝ ավտովթարից գանգոսկրի լուրջ վնասվածք ստացած աղջնակի,  վիրահատության արդյունքները: Տիտանից իմպլանտը կընդլայնվի երեխայի աճի հետ միասին եւ կրկնակի վիրահատության կարիք չի լինի: Չափահաս տարիքում նա կունենա արդեն ոսկրապատ իմպլանտ: Սա իր տեսակով առաջին փորձն է աշխարհում: Բոլոր վիրահատություններն իրականացվում են տեւական հետազոտություններից, փորձաքննությունից, համակարգչային կեղծակերպումից հետո, մանրամասն ուսումնասիրում են նաեւ գենետիկ տվյալները:

Այս բոլոր գործողությունները լիովին կիրառելի են նաեւ անասնաբուժության ասպարեզում եւ հանդիպման նպատակն էլ հենց իրազեկումն էր: Անպատճառ շեշտենք, որ կենսաճարտարագետ Բագրատ Բաղդասարյանը խորապես գիտակ էր եւ ուսանողների բոլոր հարցերին (իսկ դրանք շատ էին) սպառիչ պատասխանեց: Ակնհայտ էր, որ երիտասարդը փայլուն գիտե իր գործը: Սա էլ հույս է ներշնչում, որ ոսկրային ծանր վնասվածքներ ստացած մարդկանց առողջ կենսակերպը անհավանականության ժանրից արդեն տեղափոխվել է մեր իրականություն: