Հետաքրքիր բանավեճեր, փորձի փոխանակում-վերապատրաստում

Նոյեմբերի 1-8-ը հրատարակչական բաժնի խմբագիր-սրբագրիչներ Մարգարիտա Ղազարյանը եւ Սաթենիկ Պետրոսյանը «Անտարես» հոլդինգում մասնակցել են վերապատրաստման դասընթացի:

Հրատարակչական բաժնում մշակված ծրագիրը հագեցած էր՝ ծանոթություն գիտական, ուսումնամեթոդական գրականության խմբագրման-սրբագրման, էլեկտրոնային ծրագրերից օգտվելու հմտություններին, հեղինակների հետ աշխատանքի էթիկային, էլեկտրոնային երկխոսության վարքականոններին, շապիկի, տիտղոսաթերթի, բովանդակության, գրականության ցանկերի, վերնագրերի, ենթաբաժինների ձեւավորմանը, դասիչների, միջազգային այլ կոդերի մակնշմանը:

Քսանամյա փորձառությամբ մեր աշխատակիցները դասընթացն անվանում են  ճանաչողական այց, փորձի փոխանակում-վերապատրաստում, որից ոգեւորված են վերադարձել: Աշխատել են հրատարակչական ժամանակակից միտումների վերաբերյալ  առավելագույն տեղեկատվությունը «կորզել» Արքմենիկից, Արարատից, Հռիփսիմեից, Նարինեից, Սոնայից:

Պատմում են, որ սիրով գործընկեր-անտարեսականներին ներկայացրել են մեր համալսարանում հրատարակվող «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի ստեղծման նրբությունները, որի համար արժանացել են դրական արձագանքի: Մերոնք ծանոթացել են նաեւ կազմակերպության՝ արդի գեղարվեստական գրականության, թարգմանական արվեստի զարգացմանն ու հանրայնացմանը միտված գործունեությանը: Սա էլ նրանց՝ իբրեւ բանասերի «գայթակղությունն» է եղել:

Շնորհակալություն բուհի ղեկավարությանը մեր մասնագետներին կատարելագործվելու, հետաքրքիր շփումների եւ, ինչպես իրենք են նշում, «մի լավ բանավիճելու» հնարավորություն ընձեռելու համար:

Գրետա Մնացականյան

ՀԱԱՀ հրատարակչական բաժնի վարիչ