Հանուն ագրոնոմիայի. դրվեցին համագործակցության կամրջի հիմքերը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ագրոնոմիական ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեցին ՌԴ-ում թունաքիմիկատներ արտադրող ամենամեծ՝ «Ավգուստ» ընկերության աջակցությամբ բացված՝ բույսերի պաշտպանության լսարանները: Հանդիսության մեկնարկին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը դիմելով հյուրերին նկատեց.

-Կարեւորում ենք եւ շնորհակալ ենք համագործակցության համար: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Սովորաբար մենք գործընկերների հետ փոխշահավետ կապերը զարգացնում ենք:

Ռեկտորը շատ դիպուկ նկատեց, որ «Ավգուստի» հետ համագործակցությունն օգոստոսին սկսվեց, բայց հույս ունենք, որ այն կգործի տարին բոլոր եւ երկար:

Ռուսաստանյան ընկերության պատասխանատու Մարատ Խալիլուինը, երեւանյան ներկայացուցչության «Սապսան թրեյդ» գրասենյակից Արամ Խաչատրյանն ու Տարոն Մարտիրոսյանը եւս կարեւորեցին հետագա համագործակցության շատ տեսանելի հեռանկարները: Մասնավորապես, ռուսաստանցի մեր գործընկերները առաջիկայում դասախոսություններ կկարդան Ագրարայինում, ուսանողները փոխանակման ծրագրերով կայցելեն եւ տեղում կմասնակցեն բուժանյութերի փորձարկման-հետազոտական աշխատանքների: Մեր համալսարանը բուժանյութեր կստանա, որոնք անհրաժեշտ կլինեն ուսումնափորձնական տնտեսություններում:

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը նկատեց, որ նոր թունաքիմիկատներն անպատճառ կփորձարկվեն-կուսումասիրվեն մեր երկրի բնակլիմայական պայմանների համատեքստում:

Հյուրերը համոզված են. ուսումնական նոր, ավելի խնամված միջավայրը առավել կմոտիվացնի երիտասարդներին: