Այսօր՝ հունվարի 8-ին, ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի շրջանակում կայացավ Հայաստանում նախագծի ավարտական հնգօրյա միջոցառումների շրջանակում առաջին հանդիպումը։ Մասնակցում էին նախագծի համակարգող թիմի՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV) ներկայացուցիչները, արտաքին փորձագետը եւ նախագծի մասնակից ՀԱԱՀ թիմը։
Վաղը՝ հունվարի 9-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմեկնարկի աշխատաժողով՝ նախագծի մասնակից հայաստանյան, ղրղզստանյան եւ եւրոպական համալսարանների, գիտական համայնքի, ԵՏՀ ոլորտում գործող մասնավոր բիզնես ներկայացուցիչների մասնակցությամբ։
Գործնական ու բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձան նախագծի շրջանակում համագործակցության հաջող ընթացքին եւ ձեռք բերված, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ արդյունքներին։ Մինչ այդ նրանք ծանոթացան գյուղատնտեսական ԱԹՍ-ների մեր լաբորատորիային։
Աշխատաժողովին ներկայացվելու են նախագծի շրջանակում իրականացված հիմնական գործողությունները, իրականացված հետազոտական աշխատանքների հաշվետվությունները։
Եւս մեկ հանդիպում, այս անգամ՝ ՀԱԱՀ ղեկավարության հետ, տեղի կունենա միջոցառումների վերջին օրը՝ հունվարի 12-ին։