Կարեն Մարգարյանը չորս տարի առաջ Ստեփանավանից Երեւան է եկել եւ գիտակցաբար ընդունվել Ագրարային համալսարան՝ ագրոնոմ հոր գործը շարունակելու միտումով։ Հայրը՝ Արմեն Մարգարյանը 1988 թ. ավարտել է, այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
Սերը բնության, ծառուծաղկի հանդեպ հայրիկից է «ժառանգաբար» փոխանցվել: Ասում է, որ փոքրուց տեսել եւ սիրել է հոր գործը, օգնել տնամերձ այգին մշակելիս ու հասկացել, որ ուզում է իմանալ բույսերի եւ դրանց մշակության մասին ամեն ինչ: Չորս տարի ուսանելով ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտությամբ՝ նախ տեսական գիտելիքներ է ստացել, ապա երրորդ կուրսի երկրորդ եւ չորրորդ կուրսի առաջին կիսամյակներում վճարովի փորձուսուցում անցել հարազատ Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող «Դենդրո գարդն» ընկերությունում՝ զարգացնելով գործնական հմտությունները: Աշխատանքային կիսամյակի ընթացքում Կարենը ծանոթացել է ինտենսիվ այգու մշակման առանձնահատկություններին, մշակել հիմնականում հապալասի թփեր, ապա նաեւ մասնակցել տխլենու եւ նշենու այգեպաշտպան անտառաշերտի ստեղծման աշխատանքներին:
«Շատ օգտակար էր աշխատանքային կիսամյակը, մենք ոչ միայն ամրապնդում ենք բուհում ստացած տեսական գիտելիքները, սովորում-զարգացնում կիրառական շատ օգտակար հմտություններ, ձեռք բերում մասնագիտական փորձառություն, այլ նաեւ վճարվում մեր կատարած աշխատանքի համար, որը եւս ոգեւորիչ է: Ստացվում է, որ բուհն ավարտելուց հետո դու այլեւ անփորձ ուսանող չես եւ արդեն ունես աշխատաշուկա մտնելու համար անհրաժեշտ մասնագիտական փորձ»,- ասում է Կարենը՝ թվարկելով աշխատանքային կիսամյակի առավելությունները:
Փորձուսուցումից հետո Կարենը «Դենդրո գարդն» ընկերությունում աշխատելու առաջարկ է ստացել, սակայն չի ընդունել, որովհետեւ որոշել է խորացնել մասնագիտական գիտելիքները եւ կրթությունը շարունակել ՀԱԱՀ մագիստրատուրայում՝ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտությամբ:
«Հենց փորձուսուցման ընթացքում հասկացա, որ ուզում եմ շարունակել կրթությունս անտառտնտեսության ու կանաչապատման ուղղությամբ, դա հետագայում ավելի մեծ հնարավորություններ կտա մասնագիտական ասպարեզում մրցունակ եւ ավելի պահանջված մասնագետ լինելու համար»,- նշում է նա:
Հարցին, թե դժվար չէ՞ արդյոք մի ընտանիքում երկու ագրոնոմի ներկայությունը, ժպիտով է պատասխանում. «Ե՛ւ լավ է, ե՛ւ բարդ, երբեմն մասնագիտական վեճեր են լինում այգու մշակության վերաբերյալ: Օրինակ վերջերս, երբ վերադարձա Ֆրուտենիա նախագծի շրջանակում անցկացված եռօրյա ագրոճամբարից, որի ընթացքում այցելել էինք նաեւ Դդմաշենում գտնվող ինտեսնիվ այգիներ, հայրիկին ասացի, որ մենք սխալ ենք իրականացնում ծառերի էտը եւ ցույց տվեցի, թե ավելի լավ արդյունքի հասնելու համար ինչպես պետք է անել, հայրիկս մի քիչ դժվարությամբ ու կասկածամտորեն ընդունեց: Մեր «վեճերում» ի վերջո հաղթում են հորս տարիների փորձառությունն ու իմ ստացած նորարարական գիտելիքները»:
Կարենն ու հայրը նպատակ ունեն առաջիկայում ստեղծել սեփական ինտենսիվ այգին եւ զբաղվել տանձենիների ու հատապտուղների մշակությամբ՝ արդեն որպես ձեռնարկատերեր:
- 08/08/2023
- 2023