Երեկ՝ հունիսի 22-ին Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության օրն էր։ Օր, որ հիշարժան դարձավ ոչ միայն իրենց՝ նորաթուխ գինեգործ-մագիստրոսների համար։
Հանձնաժողովի եւ կուրսընկերների դատին հանձնվեցին 13 մագիստրանտների նորահայտ գինիները՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն, մարգարտյա․․․ Տեսականին բազմազան էր, հեղինակ-ուսանողների գիտելիքները՝ հիացնող, գինեգործի մասնագիտության հանդեպ սերն ու նվիրվածությունը՝ անվերապահ։ Շատ շուտով հայաստանյան, իսկ հետագայում, ինչու ոչ՝ նաեւ արտերկրի շուկան կունենա 13 անուն նոր, հետաքրքիր, մրցունակ գինիներ։ Այսպիսի պատասխանատու եզրահանգման համար հիմք են ծառայում ոչ միայն հանձնաժողովի միահամուռ դրական, նույնիսկ հիացական գնահատականները (անշուշտ՝ մասնագիտական կարեւոր խորհուրդներով հանդերձ), այլեւ ուսանողների հետ այն մեծ ծավալի նպատակային աշխատանքը, որ կատարել են թեզերի ղեկավարներն ու ֆակուլտետի ղեկավարությունը։ Աշխատանքների եռակի նախնական պաշտպանություն կազմակերպելու փաստը դրա վկայություններից մեկն է։
Հանձնաժողովի նախագահ, տեխն․ գիտ․ թեկնածու Ծերուն Վիրաբյանը եւ հանձնաժողովի անդամները, որոնց անաչառ ու ամուր մասնագիտական դիրքորոշմանը մեկ անգամ չէ որ ականատես ենք եղել, երեկ չթաքցրեցին իրենց հիացմունքը մագիստրանտների կամ ավելի ճիշտ՝ իրենց նոր գործընկերների գիտելիքների եւ սեփական մտքով ու ձեռքերով մրցունակ գինիներ ստեղծելու կարողության հանդեպ։
Այսպիսով, արագ ու որակյալ զարգացում ապրող հայաստանյան գինու արդյունաբերությունը համալրվում է եւս 13 դերակատարներով՝ յոթ կին, վեց տղամարդ։ Ի դեպ, գինեգործության վերջին տարիների բուռն զարգացման պատմական ժամանակահատվածը առարկայաբար համընկնում է նաեւ շուկայի կին մասնակիցների քանակական եւ որակական հարաճուն չափաբաժնի հետ։
- 23/06/2023
- 2023