Դեկտեմբերի 19-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական միջոցառումը գուցեեւ «չարդարացված» համեստ էր, սակայն մեծապես կարեւոր համալսարանի կյանքում եւ սպասվածի պես՝ սրտառուչ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի բացման եւ շնորհավորական խոսքից հետո ուսանողներին, աշխատակիցներին, շրջանավարտներին ջերմորեն ողջունեց եւ քառորդդարյա ձեռքբերումների համար շնորհավորեց ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Նա նշեց, որ հեշտ չի եղել 2000 թվականին ստեղծել էապես տարբերվող արժեհամակարգով եւ մշակույթով կրթական կառույց՝ գոհունակությամբ արձանագրելով, որ 25 տարիների ընթացքում ԱՈՒԿ-ի բոլոր շրջանավարտները դարձել են այդ նոր, առաջադեմ արժեհամակարգի կրողը եւ տարածողը։ Ռեկտոր Զաքոյանը խորին շնորհակալություն հայտնեց կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր Դանեիել Դանին եւ նրա ստեղծած բարի ավանդույթները շարունակողներին՝ Վարդան Ուռուտյանին, Արթուր Գրիգորյանին, դասախոսներին եւ աշխատակազմին։ «Հոբելյանի առթիվ ամփոփելով կենտրոնի անցած քառորդդարյա ուղին, մենք մեծ ակնկալիքներ ունենք նաեւ ապագայից։ Մասնավորապես անգլերեն լեզվով դասավանդվող կրթական ծրագրերը պետք դառնան նաեւ արտերկրից ուսանողների ներգրավման հնարավորություն: Մենք պետք է ջանքեր գործադրենք՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը միջազգային ուսանողներ ներգրավելու եւ աշխարհում Հայաստանի ու Ագրարային հաալսարանի կշիռը ավելացնելու լուրջ հնարավորություն դարձնելու ուղղությամբ»։
Ներկաներին ջերմորեն ողջունեց նաեւ ԱՈՒԿ-ի նախկին տնօրեն, ՀԱԱՀ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ նշելով, որ ԱՈՒԿ-ը ոչ միայն Ագրարային համալսարան, այլեւ Հայաստանի բարձրագույն կրթության ամբողջ համակարգ ներմուծեց սկզբունքորեն նոր մոտեցումներ՝ ուսանողակենտրոն միջավայր, գործնական ուղղվածության ագրոբիզնեսի կրթություն, ակադեմիական կառավարման եւ որակի միջազգային չափանիշներ։ Պարոն Ուռուտյանը նշեց բացառիկ փաստ՝ ԱՈՒԿ-ը Հայաստանի պետական բուհերի պատմության մեջ ամենաերկար ակադեմիական համագործակցությունն է։ «ԱՈՒԿ-ը եղել եւ մնում է ոչ միայն ակադեմիական միավոր, այլեւ հաստատութենական բարեփոխումների կենդանի լաբորատորիա, որի մշակույթը հետագայում հաջողությամբ կիրառացինք ամբողջ Ագրարային համալսարանում։ Սակայն ԱՈՒԿ-ի մեծագույն ձեռքբերումը նրա մարդիկ են՝ հարյուրավոր շրջանավարտները, որոնք վերափոխել են տնտեսության տարբեր ոլորտներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում»։ Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ԱՈՒԿ-ի հիմնադիր հայրերին՝ դոկտոր Դանիել Դանին, դոկտոր Ջոն Նիքըլսին, Տեխասի A&M համալսարանին՝ անխախտ ակադեմիական համագործակցության, ԱՄՆ գյուղդեպարտամենտին՝ հեռատես աջակցության, իսկ Ագրարային համալսարանի նախկին եւ ներկա ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին եւ աշխատակիցներին՝ քառորդ դարում ստեղծվածը առարկայացնելու համար։
Ընթերցվեցին ԱՈՒԿ-ի հիմնադիր տնօրեն Դանիել Դանի եւ Տեխասի A&M համալսարանի եւ ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսոր, ներկայում Տեխասի Քոլիջ Ստեյշն քաղաքի քաղաքապետ Ջոն Նիքըլսի շնորհավորական ուղերձները, որից հետո սրտառուչ խոսքով հանդես եկան ԱՈՒԿ-ի շրջանավարտներ Վահան Մելքումյանը, Աննա Գրիգորյանը, Տաթեւիկ Սարգսյանը եւ դասախոս Աննա Մելիքսեթյանը։
Նվիրվածության, քրտնաջան աշխատանքի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին ցուցաբերած արժեքավոր ներդրման համար ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը շնորհակալագրեր եւ ICARE հիմնադրամի «Գերազանցության մեդալ» հանձնեց ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանին, նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ ԱՈՒԿ-ի մի քանի ներկա ու նախկին աշխատակիցների։































